Քաղաքականություն

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

3 րոպեի ընթերցում

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Ֆրանսիայի Ազգային ժողովում հունիսի 25-ին կայացել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Նա նաև բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը՝ ի նպաստ Հայաստանի հետ գործակցության զարգացմանն ու հայ ժողովրդի խնդիրների հասցեագրմանը։ 

Պատգամավորների խնդրանքով՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրման, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։  

«Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա ընդգրկուն օրակարգին, մասնավորապես՝ բարձրագույն մակարդակով պարբերաբար շփումներին, երկու երկրների միջև դինամիկ զարգացող բազմաոլորտ, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Ֆրանսիայի աջակցությամբ իրականացվող այն ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։  

ՀՀ դեսպանը խոսել է նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված կառավարության շարունակական ջանքերի, ինչպես նաև ԵՄ հետ խորացող համագործակցության մասին, քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։  

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն՝ ի դեմս խմբի նախագահ Լորան Վոքիեի, վերահաստատել են Ազգային ժողովի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին ու Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում