Հայաստան

Ավանդական ուտեստներ, խաղեր, երգ, պար․ Ռինդ բնակավայրում կանցկացվի «Տադի շորվա» փառատոնը

2 րոպեի ընթերցում

Ավանդական ուտեստներ, խաղեր, երգ, պար․ Ռինդ բնակավայրում կանցկացվի «Տադի շորվա» փառատոնը

Արենի համայնքի Ռինդ բնակավայրը հունիսի 28-ին մեծաքանակ հյուրեր է սպասում, առիթը «Տադի շորվա» փառատոնն է: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ են անցկացնում այս փառատոնը։ Նախորդ տարի փառատոնը մեծ արձագանք է ստացել ու 3000-ից ավելի հյուրեր են եղել, այս տարի ևս մեծ թվով հյուրեր են սպասում։

«Այս տարի ևս բավական հագեցած ծրագրով ենք ներկայանում։ Սպասվում է խոհարարական մրցույթ, տեղում ավանդական ուտեստների պատրաստում, տեղական գինու ու պանրի համտես, արվեստի և արհեստագործական գործերի ցուցադրություն, ավանդական խաղերի կազմակերպում, կենդանի երաժշտություն՝ տեղի և հրավիրված խմբերի մասնակցությամբ: Մի խոսքով՝ ցանկացած նախասիրության տեր մարդկանց համար վստահաբար կգտնվեն հետաքրքիր միջոցառումներ»,-ասաց Սյուզան Մարգարյանը։   

Փառատոնին մասնակցելու են Արենի համայնքի 9 բնակավայրերը, ինչպես նաև առանձին տաղավարներով ներկայանալու են Գյումրին ու Վեդին։ Մասնակիցները ներկայացնելու են ավանդական կերակրատեսակները, համայնքների բերքն ու բարիքը։ Վեր հանելով համայնքների ավանդական ուտեստների բաղադրատոմսերը՝ դրանք նաև իրենց տեղն են գտնելու փառատոնի շրջանակում։   

«Գլխավոր զարդը լինելու է շորվան՝ ապուրը։ Նախորդ տարի եղել է մասուրով ապուրը։ Այս տարի այն փոփոխվելու է, լինելու է մասուրով ու սպիտակաբանջարով ապուր։ Այն  բնորոշ է հենց մեր համայնքին ու գրանցված է ճաշատեսակների շտեմարանում։ Պատրաստվելու է մեծ կաթսաներով ու լինելու է հյուրասիրություն»,- ասաց Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյան։  

«Տադի Շորվա» փառատոնի շրջանակներում հունիսի 27-ին կազմակերպվում է նաև ուխտագնացություն դեպի Ռինդի վիմափոր եկեղեցի։ Ցանկացողները կարող են մեկ օր առաջ լինել Արենիում, մասնակցել ուխտագնացությանը, իսկ արդեն հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, մասնակցել փառատոնին, որը մեկնարկելու է ժամը 16։00-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում