Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը։
Համագործակցության հիմնական ուղղությունները ներառում են.
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և մատուցվող ծառայություններ
- Օրենսդրական բարեփոխումներ
- Աշխատաշուկայի ներառականության քաղաքականություններ
- Անկախ կյանքի խթանում և սոցիալական երաշխիքների մեխանիզմների բարելավում և այլն։
Համագործակցությունը կիրականացվի՝
համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակման,
փորձի փոխանակման ծրագրերի,
հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների, ոլորտային քննարկումների կազմակերպման միջոցով։
Կողմերը փաստաթղթի ստորագրումը երկու երկրների համար որակել են որպես կարևոր քայլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և հավասար հնարավորություններով ապահովման ճանապարհին։