Կատարյալ սպորտային եզրափակիչ. հայտնի են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բասկետբոլի լիգայի բոլոր հաղթողները
3 րոպեի ընթերցում

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական առաջին խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7 -9-րդ դասարանների եզրափակիչ խաղերին, որտեղ մրցում էին Երևանի N 51 հիմնական դպրոցը ու Երևանի N 2 հիմնական դպրոցը, ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Իսկական սպորտային դրամայով լեցուն եզրափակիչում հաղթեց Երևանի N 51 հիմնական դպրոցը` 62:56 հաշվով: Այս տարիքային խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Երևանի N 137 հիմնական դպրոցը:
Իսկ 5-6-րդ դասարանների մրցապայքարում լավագույն եռյակում մրցանակային տեղերը զբաղեցրեցին Երևանի N 174 հիմնական դպրոցը, Եղվարդի N 3 հիմնական դպրոցն ու Արթիկի N 1 հիմնական դպրոցը:
Պարգևատրման պաշտոնական արարողություն կատարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պիտի խոստովանեմ, որ մեկ տարի առաջ, երբ նախագծում էինք «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ն, հույս ունեինք, բայց պիտի տեսնեինք ու համոզվեինք, որ այն ստացվում է: Սա առաջին մրցաշարն էր, և հույս ունեմ, և դուք էլ կհամաձայնեք, որ այն այսօր արդեն իսկ կայացած է: Առաջիկա տարիներին այն անպայման պետք է շարունակվի: Այս մրցաշարի նպատակն է մեր աշակերտների ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, ուժեղացնել թիմային ոգին ու հասկանալ, որ հաղթում են այն թիմերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, ովքեր առավել շատ են հավատում հաղթանակին»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում ընդգծեց, որ մրցաշարին մասնակցող թիմերն իսկապես անմնացորդ նվիրվեցին ու ցուցադրեցին հրաշալի խաղ:
«Նմանատիպ մրցաշարերի ամենակարևոր նպատակն այն է, որ երեխաները զբաղվեն սպորտով, ու սա այն դեպքն է, որ սպորտն ավելին է, քան մարզաձև: Սպորտը մարզում է մարմինը, մարզում է միտքը, սպորտը սովորեցնում է միասին, թիմային աշխատանք կատարել»,- ասաց նա:
1-ին տեղ գրաված դպրոցները պարգևատրվեցին 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվեցին նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվեցին դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ: