Քաղաքականություն

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստամբուլում ունեցած հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության հրապարակված հայտարարությանը։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության հաստատման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները։ 

«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա՝ ստեղծված պայմաններում։ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ փոխշահավետ մոտեցման հիման վրա»,- հայտնել է աղբյուրը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ 

Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական ​​միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում