Հայաստանը և Կամբոջան ունեն համագործակցությունը խորացնելու զգալի ներուժ. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

2 րոպեի ընթերցում

Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի Թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և Կամբոջայի ժողովուրդների բարեկամության և փոխշահավետ համագործակցության զարգացման։ Նա իր ջերմագին ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահին, վարչապետին ու ժողովրդին՝ մաղթելով Հայաստանին խաղաղություն և առաջընթաց։

Թագավորը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Կամբոջան ունեն զգալի ներուժ միմյանց հետ խորացնելու համագործակցությունն առևտրի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի զարգացմանը, բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպմանը, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների խթանմանը։

Հայերեն Русский