Տնտեսություն

Երեմյան ընկերությունների ֆերման հրաշալի օրինակ է նրանց համար, ովքեր ՀՀ-ում ցանկանում են զարգացնել անասնապահությունը

10 րոպեի ընթերցում

Երեմյան ընկերությունների ֆերման հրաշալի օրինակ է նրանց համար, ովքեր ՀՀ-ում ցանկանում են զարգացնել անասնապահությունը

Հայաստանի Տաշիր համայնքում գործող Երեմյան ընկերությունների խմբի ֆերման իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսության ասպարեզում և մեծապես նպաստում է ոլորտի զարգացմանը՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական մեթոդներ։ Անասնապահության համար այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ալպիական հարուստ բնություն, կլիմայական իդեալական պայմաններ, բարձրորակ հող և զուլալ ջուր։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի ուղեկցությամբ մի քանի լրատվամիջոցների աշխատակիցներ շրջայց կատարեցին հիշյալ ֆերմայում՝ մոտիկից ծանոթանալով աշխատանքների բնույթին։  

Կաթի բարձրակարգ որակի ստացման գործընթացում ընկերության աշխատակիցները վերահսկում են ամբողջական համակարգը՝ սկսած կերարտադրության առաջին քայլից մինչև կաթի մշակման փակ շղթա։ Ընկերության կաթը ձերբազատված է մարդկային կամ արտաքին որևէ այլ ազդեցությունից՝ երաշխավորելով անարատ ու մաքուր արտադրանք։ 

«Սերմից՝ սեղան» եզակի գործընթացը սկսվում է այն պահից, երբ բարձրակարգ սերմն ընկնում է բերրի հողի մեջ։ Ավտոմատացված դաշտային ոռոգումն ապահովում է ջրի ճշգրիտ բաշխում և վերահսկողություն։ Ճիշտ սնուցման և խնամքի արդյունքում այն վերածվում է սննդարար առվույտի և եգիպտացորենի։ 850 հա սեփական հողատարածքում աճեցված կանաչ անասնակերը փաթեթավորվում է ժամանակակից սիլոսացման եղանակով, ինչը թույլ է տալիս անասնակերը նույն սննդայնությամբ և թարմությամբ պահել մոտ երկուս ու կես տարի, ուստի կենդանիները ողջ տարին ստանում են բարձրորակ կեր՝ նույն սննդային արժեքով, որի արդյունքում տալիս են անարատ, վիտամիններով հարուստ, առողջարար կաթ։ 

Ընկերության մեքենաները ոչ միայն դաշտից բերում են անասնակերն ու կտրատում, այլև համապատասխան ծրագրավորման միջոցով խառնում են այնպես, որ յուրաքանչյուր կերային բաղադրիչ ունենա իր չափաբաժինն այդ խառնուրդում, որպեսզի վիտամինների անհրաժեշտ չափաբաժինը հասնի կենդանիներին։ Ֆերմայում աշխատում է գերմանական արտադրության 25 միավոր առաջադեմ տեխնիկա՝ արդյունավետ և էկոլոգիապես մաքուր հողագործություն իրականացնելու համար։ Տեխնիկան ներառում է կերահավաք մեքենաներ, տրակտորներ, կցորդիչներ, կոմբայններ, որոնց շնորհիվ տարեկան ամբարվում է 25 հազար տոննա սիլոս-սենաժ ու ևս 7 հազար տոննա հատիկային կերեր։ 

Երեմյան ընկերությունների խումբը նպաստում է նաև համայնքների զարգացմանը, քանի որ ֆերմայի աշխատակիցները հիմնականում Տաշիրի, Ստեփանավանի և հարակից գյուղերի բնակիչներն են։ Ֆերմայի տնօրինությունը որոշ անհատ գյուղատնտեսների հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի նրանք նույնպես ֆերմային մատակարարեն իրենց հողատարածքներում աճեցրած անասնակերը։ Այդ նպատակով իրացվում է հավելյալ 600 հա հողատարածք։    

Խաչատրյանը տեղեկացրեց, որ ընկերության խելացի ֆերման Եվրոպայից բերված բացառապես հոլանդական «Հոլշտեյն» տեսակի կովերի կացարանն է, որտեղ նրանք ամենօրյա խնամքի և ուշադրության ներքո են։ Խոշոր եղջերավոր անասունները պահվում են 29 մետր լայնությամբ և 212 մետր երկարությամբ երեք հիմնական մասնաշենքերում։ 

Ընտրվել են մաքրացեղ կենդանիներ, որովհետև դրանք ունեն բարձր տոհմային արժեքներ։ Նշված ֆերմայում այս պահին կա 2500 խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից 1500-ը կաթնատու կովեր են։   

«Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր կենդանուն՝ հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ՝ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները և ապահովվում է կայուն առողջություն։ Մոնիթորինգային համակարգը իրական ժամանակում հետևում է կովերի մասին հավաքագրված հիմնական տեղեկատվությանը՝ օգնելով աշխատակիցներին տեղեկացված որոշումներ կայացնել և ապահովել կենդանիների լավագույն խնամքը։ Այդ նպատակով յուրաքանչյուր կենդանի կրում է կրիչով վզնոց, որն իրական ժամանակում պարունակում է տեղեկություններ կոնկրետ կենդանու մասին՝ նույնիսկ հայտնելով, թե կենդանին ինչպես և քանի անգամ է սնվել, ինչպիսի ակտիվություն է ցուցաբերել, պատրաստ է արդյոք բեղմնավորման, թե ոչ։ Աշխատակիցները յուրաքանչյուր օր հետևում են կրիչներից ստացվող տեղեկատվությանը։ Այդ ամենից զատ, կան նաև տեսահսկման խցիկներ, որոնց միջոցով կենդանիների շարժը շարունակ գտնվում է ուշադրության կենտրոնում»,- ասաց Խաչատրյանը։ 

Ավտոմատացված կերակրումը երաշխավորում է կովերի առողջարար և բալանսավորված սնուցումը։ Կովերի սննդակարգի մեջ մտնում է սիլոս, սենաժ, գարի, առվույտ, եգիպտացորեն և այլ կերակրատեսակներ։ Ֆերմայում գործում է նաև եգիպտացորենի հատիկներ ջարդող տեխնիկա, որպեսզի այն լինի ավելի դյուրամարս։ Անխափան գործում է նաև ջրամատակարարման համակարգը, ինչի շնորհիվ կենդանիներն ապահովված են մշտական թարմ ջրով։ 

12 ամսականում կովերի քաշը կազմում է առնվազն 380 կգ, իսկ երկու տարին դեռ չբոլորած արդեն կարողանում են կաթ տալ։ Հասուն կովերի քաշը հասնում է 600-ից մինչև 900 կգ։ Օրվա կտրվածքով տվյալ ֆերմայի կովերը միջինը տալիս են 35 լ կաթ, թեև կան առանձնյակներ, որոնք տալիս են մինչև 65 լ կաթ։ Արդյունքում տարվա կտրվածքով ստացվում է ավելի քան 10 միլիոն լիտր կաթ։ Մեկ կթու կովը օրվա կտրվածքով ուտում է միջինը 55 կգ կերախառնուրդ և խմում 80-120 լ ջուր՝ կախված եղանակից ու կաթնատվությունից։   

Նորածին հորթերն այստեղ արժանանում են հատուկ ուշադրության, նրանք պահվում են առանձին տարածքում, 75 օր սնվում են կաթով, իսկ հետո ընտելանում իրենց հիմնական սննդակարգին։ 

Հիվանդությունների ու վարակների կանխարգելման միջոցներից մեկն այն է, որ ֆերման սահմանազատված է։ Նույնիսկ դրսից ֆերմայի տարածք մտնող տեխնիկան նախապես ախտահանվում է, իսկ մարդիկ աշխատում են հատուկ արտահագուստով։ Կենդանիների խնամքին հատկացվում է մեծ ուշադրություն՝ սկսած կճղաղկների մաքրումից, մշակումից, վերջացրած պատվաստումներով։ 

Գոմերի ներսում գոմաղբն անընդհատ հավաքվում է, որպեսզի կենդանիների տակ միշտ չոր լինի։ Գոմաղբը պոմպերով հավաքվում է մեմբրանային լագունաներում, որտեղից էլ համապատասխան տեխնիկայի միջոցով իրականացվում է ֆերմայի հողատարածքների պարարտացում։ 

Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։ Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ողջ ընթացքում՝ պահպանելով կաթի ամբողջականությունը։ Փակ շղթայի սառնարանային համակարգի միջոցով՝ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։ Ի դեպ, կիթն ընթանում է առանց սթրեսի, ինչը նպաստում է կաթի բարձր որակին։ Փակ շղթայով, առանց մարդկային միջամտության, թարմ և համեղ կաթն ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում երկու ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում՝ +2, այնուհետև կաթի փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում է Երևանում տեղակայված գործարան՝ պահպանելով իր որակական բոլոր հատկանիշները։ 

Գործարանը համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին և Հայաստանում կաթնամթերքի միակ գործարանն է FSSC 22000 սերտիֆիկացմամբ։ Թարմ կաթի առաջին կայանը գործարանային լաբորատորիան է, որտեղ սկսվում է կաթի ընդունման և նմուշառման առանցքային փուլը։ Այստեղից կաթն անցնում է կարևոր փուլեր՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ հետազոտություններ։ Պատրաստի արտադրանքը ևս անցում է մի շարք լաբորատոր և փորձագիտական կարևոր հետազոտություններ։ Մասնագետների կողմից վերջնական հաստատումից հետո պատրաստի արտադրանքները վաճառքի են դուրս գալիս էկոլոգիապես մաքուր և անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման։ Կաթնամթերքը փոխադրող հատուկ բեռնատարները, որոնցում պահպանվում է կատարյալ ջերմաստիճան, ապահովում են արտադրանքի անթերի տեղափոխությունը Երևանի սուպերմարկետներ և ընկերության ֆիրմային խանութներ (Թումանյան 21, Ամիրյան 3/37)։ 

Ընտրելով զարգացման և նորարարության ուղին գյուղատնտեսության ոլորտում՝ Երեմյան ընկերությունների խումբը հավատարիմ է մնում խելացի գյուղատնտեսության զարգացման և տարածման իր հանձնառությանը։ Կյանքի կոչելով բարձրորակ կաթնամթերքի արտադրության գաղափարը՝ հաջողվել է համատեղել նորարարությունն ու կայուն որակը։ Ընկերության ապագայի տեսլականն ընդգրկում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ միջազգային համագործակցության շնորհիվ։ Ընկերության ներկայացուցիչները հավատում են, որ իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով սպառողների համար ստեղծում են ավելի առողջ միջավայր և Հայաստանի բնակչությանն ապահովում բարձրակարգ կաթնամթերքով։ Բազմաթիվ սպառողներ, ովքեր ամենօրյա սննդակարգում օգտագործում են Երեմյան ընկերությունների խմբի արտադրանքը, անվարան կարող են հավաստել այդ մասին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում