Մշակույթ

Հենրիկ Մամյանի 90-ամյակին նվիրված ցուցադրության հարուստ հավաքածուն ընդգծում է ՀՀ ժողովրդական նկարչի ոճի յուրահատկությունները

6 րոպեի ընթերցում

Հենրիկ Մամյանի 90-ամյակին նվիրված ցուցադրության հարուստ հավաքածուն ընդգծում է ՀՀ ժողովրդական նկարչի ոճի յուրահատկությունները

20-րդ դարի երկրորդ կեսի հայկական գրաֆիկայի զարգացման առանցքային դեմքերից մեկի՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի 90-ամյակին նվիրված «Շնչող էջեր» ցուցահանդեսը համախմբում է արվեստագետի հարուստ ստեղծագործական ժառանգության ընտրանին՝ գրքային նկարազարդումները, գծանկարները, ինչպես նաև կրոնական թեմաներով մոնումենտալ գործերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը, որը բացվեց հունիսի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, համադրող Մարգարիտա Խաչատրյանը տեղեկացրեց՝ այցելուներին ներկայացվում է ավելի քան 150 ստեղծագործություն Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու և ընտանիքի մասնավոր հավաքածուներից։

Նա շեշտեց, որ առաջին սրահում Մամյանի կրոնական ստեղծագործություններն են, երկրորդ սրահում՝ 1960-1970-ական թվականների գործերը՝ Լևոն Շանթի, Վահագն Դավթյանի, Դանիել Վարուժանի գրքերի նկարազարդումները։ «Այդ գործերում ավելի շատ ընդգծվում է պայքարի թեման։ Ներկայացվում է Օսմանյան կայսրության շրջանում ապրող կինը, որը նսեմացված է, բռնադատված, բայց՝ պայքարող։ Այդ պայքարի շունչը Մամյանը լիարժեք փոխանցել է նկարազարդումներով։ Երրորդ սրահում Եղիշե Չարենցի ստեղծագործությունների էպիկական շունչը ներկայացնող շրջանն է։ 1960-ականներին այդ փուլը նորովի էր մեկնաբանվում՝ հերոսի իդեալականացում, հեղափոխական շունչ և այլն։ Ցուցադրված են Չարենցի «Ամբոխները խելագարված», «Պատմության քառուղիներով» ստեղծագործությունների, ռադիոպոեմների նկարազարդումները։ Վերջին սրահում կենտրոնացված են Մամյանի դիմանկարների շարքը և Թումանյանի, Լերմոնտովի գործերի նկարազարդումները, որոնցում կրկին անհատի խնդիրներն են, ինքնության պահպանության հարցը»,-մանրամասնեց համադրողը։

Մարգարիտա Խաչատրյանը կարծում է՝ Հենրիկ Մամյանի սերունդը մի ընդհանրական ոճ ունի։ Նրանք նոր հնչերանգ տվեցին գծին։ «Մամյանը զուտ պատկերազարդման դեկորատիվ ֆունկցիայից անցում կատարեց գծի արտահայտչականությանը, որին հոգևոր խորություն ու լռություն հաղորդեց»,-ընդգծեց Խաչատրյանը։

Հենրիկ Մամյանի դուստրը՝ Լուսին Մամյանը կարոտով է հիշում այն ժամանակները, երբ հայրը կենդանի էր։ Նա շատ է ցանկացել նկարչուհի դառնալ, սակայն Մամյանը նրան ուղղորդել է դեպի ճարտարապետական կրթություն։ «Երիտասարդ տարիներին Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո Հենրիկ Մամյանին Վարազդատ Հարությունյանը հրավիրել էր դասավանդելու Ճարտարապետական ինստիտուտում։ Հայրիկիս ամենամտերիմ ընկերներն այդ տարիներին ձեռք բերված մարդիկ էին, որոնց նա դասավանդել էր։ Գուցե հենց այդ չտեսնված մարդկանց ազդեցությունն էր պատճառը, որ հայրս ցանկացավ՝ ես ու քույրս ճարտարապետական կրթություն ստանանք։ Երբ ավարտեցի, հայրս շուրջ 16 տարի ղեկավարեց Ճարտարապետական համալսարանի կերպարվեստի ամբիոնը։ Այդ տարիներին էլ կողք կողքի աշխատել ենք հորս հետ։ Ինձ համար ամենաթանկ տարիներն էին։ Նա օրինակ էր և՛ դասախոսների, և՛ ուսանողների համար, իսկ իմ հանդեպ հատկապես խիստ էր»,-պատմեց նա։

Լուսին Մամյանը սիրում է հոր բոլոր աշխատանքները։ Նրա խոսքով՝ Մամյանի քաշած ամեն գիծն իր համար թանկ է, սակայն հատկապես հոգեհարազատ են և թանկ Վահագն Դավթյանի «Ծուխ ծխանի» պոեմի նկարազարումները։ «Ես փոքր էի, այդ նկարազարդումներն արդեն կային։ Անվերջ սիրահարված էի այդ կերպարներին»,-շեշտեց նա։

Նկարչի ստեղծագործություններում միաձուլվում են մանրանկարչության ավանդույթները և արդի գրաֆիկական մտածողությունը՝ ձևավորելով մի լեզու, որն ամբողջությամբ իրենն է։ Նա միտումնավոր խուսափում է գունային ծանրաբեռնումից՝ կենտրոնանալով կերպարի, հայացքի լռության կամ ուրվանկարի վրա։ 

Մամյանի գրաֆիկան աչքի է ընկնում գծի արտահայտչականությամբ։ Դա հատկապես տեսանելի է նրա գրքային նկարազարդումներում, որտեղ պատկերը երբեք չի գերիշխում տեքստի վրա, այլ ձևավորում է լուռ երկխոսություն՝ տեքստի ռիթմին, զգայականությանը, ընդհանրական գաղափարին համահունչ։ Հենրիկ Մամյանի եկեղեցական գեղանկարչությունը ևս իր գրաֆիկական մտածողության շարունակությունն է՝ տարածության և գույնի նոր պայմաններում։ 

«Շնչող էջեր» ցուցահանդեսը հնարավորություն է տալիս դիտարկելու Մամյանի գրաֆիկական ժառանգությունը ոչ միայն որպես պատկերազարդման բարձրարվեստ նմուշ, այլև որպես ինքնուրույն գեղարվեստական մտածողության դրսևորում և մշակութային վավերագիր։ Այս համատեքստում նոր լույսի ներքո է ներկայանում առհասարակ տպագրական արվեստը, որի հիմնական տեխնիկաներին (լիթոգրաֆիա, ցինկոգրաֆիա, լինոփորագրություն և այլն) արվեստագետը տիրապետում էր հիանալիորեն։

Հենրիկ Մամյանը, որպես պատկերային մտածողության մի ամբողջ համակարգ ձևավորած հեղինակ, իր արվեստում կարողացել է միավորել տեսողականը գրականության և պատմության հետ՝ ստեղծելով 1960-1990-ական թվականների հայկական գրաֆիկայի խորհրդանշական լեզուն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում