Սոցիալական հարցեր

ԱՄԿ-ի գոյության իմաստը սոցիալական արդարության խթանումն է ամբողջ աշխարհում. Բեատե Անդրեես

3 րոպեի ընթերցում

ԱՄԿ-ի գոյության իմաստը սոցիալական արդարության խթանումն է ամբողջ աշխարհում. Բեատե Անդրեես

Ավելի քան 100 տարի առաջ հիմնադրված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գոյության իմաստը սոցիալական արդարության խթանումն է ամբողջ աշխարհում՝ համագործակցության միջոցով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում մեկնարկած «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով  միջազգային համաժողովում ասաց ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը գործընկերների աջակցությամբ այս համաժողովը կազմակերպելու համար, ինչը ձեր երկրի հիանալի ներդրումն է հանուն «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա»-ում: Կոալիցիան ստեղծվել է 2023 թվականին և այս պահին ունի 370 գործընկեր ամբողջ աշխարհում, որը միտված է  խթանելու սոցիալական արդարությունը: 

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային համաժողովը:  Եվ այս ֆորումի մասնակիցներն արտահայտեցին սոցիալական արդարության խթանման իրական հրատապության կարևորությունը՝ լարվածությամբ և անորոշությամբ լի աշխարհում: Եվ մենք լսել ենք շատ կոնկրետ առաջարկներ՝ ազգային մակարդակում, համայնքներում, ձեռնարկություններում, սերունդների և սեռերի միջև ավելի մեծ սոցիալական արդարությունը խթանելու համար: Եվ ես անհամբեր սպասում եմ այսօր ավելի շատ առաջարկներ լսելուն: Այսօր մենք կխոսենք նաև եղբայրության մասին, հայեցակարգ, որը սերտորեն կապված է սոցիալական արդարության հետ »,- ասաց Անդրեեսը: 

Նա ընդգծեց՝ իրենք նաև խոսում են մարդկանց, երկրների և մշակույթների միջև եղբայրության մասին. «Մենք պետք է խոսենք սերունդների համերաշխության և մարդկանց ավելի խոցելի խմբերի հետ: Եվ դա այն է, ինչ Հայաստանն անում է հենց հիմա՝ Լեռնային Ղարաբաղից հազարավոր փախստականներին ինտեգրելով»: 

Բեատե Անդրեեսը վստահեցրեց, որ ԱՄԿ-ն, ինչպես նաև այլ գործընկերներ, շարունակելու են աջակցել Հայաստանին այս գործում: Ըստ նրա՝ եղբայրությունն ու համերաշխությունը պետք է հիմնված լինեն ուժեղ ինստիտուտների վրա:  

«Այս ինստիտուտները միասին սոցիալական երկխոսության միջոցով նպաստում են սոցիալական արդարությանը և արժանապատիվ աշխատանքին: Հանուն սոցիալական արդարության միավորումը պահանջում է բոլորիս՝ կառավարություններից, սոցիալական գործընկերներից, քաղաքացիական հասարակությունից ամբողջ աշխարհում, միավորել ջանքերը՝  այս տարվա վերջին Դոհայում կայանալիք World Summit for Social Development երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում»,- եզրափակեց ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում