Իրանցի փորձագետը Թել Ավիվի ու Թեհրանի միջև հակամարտության շուտափույթ հանգուցալուծումը հավանական չի համարում
7 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, վերլուծաբան Էհսան Մովահեդիանի կարծիքով՝ Իրանի կողմից հակահարված ստանալուց և կրած կորուստներից հետո Իսրայելը փորձում է Միացյալ Նահանգներին ներքաշել հակամարտության մեջ։ Փորձագետը նաև հավանական չի համարում կողմերի միջև հակամարտության շուտափույթ հանգուցալուծումը։
Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, քաղաքագետ Էհսան Մովահեդիանը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով Իսրայելի և Իրանի միջև արդեն ավելի քան մեկ շաբաթ ընթացող ռազմական գործողություններին։
Փորձագետը, բնութագրելով Իրանում տիրող ներկա իրավիճակն ու Թել Ավիվի ու Թեհրանի միջև շարունակվող ռազմական հակամարտությունը, նկատել է, որ իրանական կողմը սկզբնական շրջանում անակնկալի է եկել Իսրայելի հարձակումից, սակայն որոշ ժամանակ անց կարողացել է հակահարված հասցնել։
«Իրանը փորձում է պահպանել իր գերազանցությունն Իսրայելի նկատմամբ։ Իսրայելի անակնկալ հարձակման սկզբնական ցնցումից հետո, որը հաջողվեց ամերիկյան խաբեության և բանակցությունների խոստման շնորհիվ, Իրանն արագորեն վերահսկողություն հաստատեց իրավիճակի նկատմամբ և սկսեց հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ»,-մանրամասնել է Մովահեդիանը։
Նրա բնորոշմամբ՝ Իսրայելի ուղղությամբ Իրանի կողմից հասցված հարձակումների ընթացքում օգտագործվել են իրանական տարբեր հրթիռներ և թիրախավորվել են Իսրայելի ռազմական ու հետախուզական թիրախները։
«Ի տարբերություն Իսրայելի՝ Իրանը քաղաքացիական անձանց չի սպանում, բայց այդ երկիրը իր որոշ ռազմական օբյեկտներ կառուցել է խիտ բնակեցված բնակելի թաղամասերում։ Իսրայելի՝ Իրանին տված պատասխանները ցույց են տալիս, որ նրանք մեծ ուժ չունեն Իրանին դիմակայելու՝ առանց ամերիկյան օգնության: Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հաջող հարձակումներից հետո Իսրայելը ստիպված եղավ ամերիկյան օգնություն խնդրել իր կործանիչների համար վառելիք մատակարարելու համար: Իսրայելը փորձեց խուճապ առաջացնել խոշոր քաղաքներում՝ Իրանի ներսից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ իրականացնելով, մեքենաները պայթեցնելով, դավաճանների և որոշ աֆղան ներգաղթյալների միջոցով»,-նշել է զրուցակիցը:
Իրանցի վերլուծաբանի դիտարկմամբ՝ Իրանի ժողովուրդը, համատեղ աշխատելով և օգտագործելով անվտանգության և հետախուզության ուժերի փորձն ու գիտելիքները, արագորեն դիմակայել է այս սպառնալիքին:
«Իրանն աշխարհում առաջին անգամ տեղական համակարգերի միջոցով խոցեց մի քանի ամերիկյան F-35 կործանիչ, իսկ նրանց օդաչուների խոստովանությունները շուտով կհրապարակվեն: Արդյունքում պարզ կդառնա, թե որ երթուղիներով են այդ ինքնաթիռները մտել Իրան և որտեղ են լիցքավորվել: Իրանը դեռևս չի օգտագործել իր առաջադեմ հրթիռները Իսրայելի դեմ, բայց, ինչպես տեսաք օրեր առաջ, Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը նույնիսկ չկարողացավ որսալ տասը իրանական հրթիռ, որոնք ընկան Թել Ավիվի վրա»,-ասել է փորձագետը:
Մովահեդիանի խոսքով՝ Իսրայելը ոչինչ չի կարող անել իրանական առաջադեմ տեխնոլոգիաների և իրանական ժողովրդի միասնության ու դիմադրության դեմ, և այդ պատճառով օրեր առաջ այդ երկիրը դիմել է Իրանի պետական հեռուստատեսության ռմբակոծմանը, լրագրողների սպանությանը։ Հավանաբար, Իսրայելն առաջիկա օրերին լայնածավալ օգնություն կխնդրի Միացյալ Նահանգներից՝ իրեն կործանումից փրկելու համար։
Անդրադարձ կատարելով հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ է մտադիր անել Իրանը և ի՞նչ գործողություններ է պատրաստվում իրականացնել՝ վերլուծաբանը շեշտել է, որ Իրանը չի սկսել այս պատերազմը, բայց հաշվի առնելով այն, որ Իսրայելը խախտել է բոլոր կարմիր գծերը, Թեհրանը կշարունակի հակահարված տալ։
«Հաշվի առնելով այն, որ Իսրայելը խախտել է բոլոր կարմիր գծերն՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում հարձակվել այս ռեժիմի բոլոր ռազմական, հետախուզական և քաղաքական թիրախների վրա և պաշտպանում է իր անկախությունն ու տարածքային անվտանգությունը ցանկացած հնարավոր միջոցով: Իրանն Իսրայելից վրեժ կլուծի այս պատերազմի բոլոր նահատակների արյան համար»,-շեշտել է Էհսան Մովահեդիանը:
Իրանցի վերլուծաբանը խոսել է նաև այն մասին, թե հավանակա՞ն է արդյոք Թեհրանի ու Թել Ավիվի միջև ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և իրանական միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսումը․ «Իրանը նախ պետք է պատժի ագրեսոր Իսրայելին այնպես, որ այդ երկիրը չմտածի այս տեսակի հանցագործությունը կրկնելու մասին։ Հակառակ դեպքում կա Իսրայելի կողմից կրկնակի հարձակումների հավանականություն։ Իսրայելը ձգտում է ոչնչացնել Իրանի միջուկային և հրթիռային օբյեկտները, անկայունացնել և բաժանել Իրանը, ինչպես նաև տապալել Իսլամական Հանրապետությունը։ Հետևաբար, Իրանը նրանց հետ կվարվի այնպես, որ նրանք չունենան դրա համար անհրաժեշտ քաջությունն ու հնարավորությունները»։
Փորձագետի բնորոշմամբ՝ եթե Միացյալ Նահանգներն ընդունի վերոնշյալ փաստերը և ճանաչի Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքը, բանակցությունները հնարավոր են, սակայն հակառակ դեպքում, Իրանը չի խաբվի Միացյալ Նահանգների կողմից։
Կարծիք հայտնելով այն մասին, թե որքա՞ն երկար կարող է շարունակվել այս իրավիճակն ու լարվածությունը Թեհրանի և Թել Ավիվի միջև՝ Մովահեդիանն ընդգծել է, որ այս հակամարտությունն Իսրայելի համար կյանքի ու մահվան ճակատամարտ է, ուստի իրադարձությունների շուտափույթ հանգուցալուծման հավանականությունը փոքր է։
«Այս ճակատամարտը կյանքի ու մահվան պայքար է Իսրայելի համար։ Հետևաբար, այն կշարունակվի երկար ժամանակ։ Իսրայելը ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել այս հակամարտության մեջ՝ իրեն փրկելու համար, և այդ դեպքում այս հակամարտությունը կլինի շատ երկար և լայնածավալ։ Նույնիսկ եթե այս պատերազմը որոշ ժամանակով դադարի, այդ դադարը երկար չի տևի, և Իսրայելը կօգտագործի այս հնարավորությունը՝ վերականգնելու իր ենթակառուցվածքներն ու զենքի հզորությունը՝ կրկին հարձակվելու Իրանի վրա»,-եզրափակել է փորձագետը։