Վարչապետը չի կարծում, թե ընդդիմությունը հաջողություն կունենա իրեն անվստահություն հայտնելու գործընթացում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե խորհրդարանական ընդդիմությունը հաջողություն կունենա իրեն անվստահություն հայտնելու գործընթացում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով խորհրդարանական ընդդիմության կողմից իրեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին։
Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ ընդդիմությունն իր գործունեությամբ է զբաղված, որում ինքը խնդիր չի տեսնում:
«Կհաջողի՞ ընդդիմությունը, թե՞ չի հաջողի, իրենք թող մտածեն: Ես կարծում եմ՝ չի հաջողի»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն սկսելու մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Այս պահի դրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթղթի տակ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների ստորագրություններն են, մինչդեռ հարցը խորհրդարանի քննարկմանը հասցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորիր ստորագրություն։ Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ Հայաստան»-ը, հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր 28 պատգամավորների ստորագրությունները, եթե նախաձեռնության հեղինակները կարողանան գտնել պակասող երկու ստորագրությունները։