Տնտեսություն

Երեմյան ընկերությունների խումբը մեծապես նպաստում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը՝ իրականացնելով բացառիկ ծրագրեր

12 րոպեի ընթերցում

Երեմյան ընկերությունների խումբը մեծապես նպաստում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը՝ իրականացնելով բացառիկ ծրագրեր

Տարբեր լրատվամիջոցների մի խումբ աշխատակիցներ այցելեցին Երեմյան ընկերությունների խմբի Տաշիրում տեղակայված ֆերմա, որն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Այն լիովին համապատասխանում է «խելացի անասնաշենքերի» կառուցման պետական ծրագրի բաղադրիչներին և իր գործունեությամբ էապես նպաստում է Հայաստանի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության զարգացմանը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շուրջ 20-ամյա պատմությամբ Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում՝ ստեղծելով 19 ռեստորան 13 հայեցակարգով, 2 ֆերմա, կաթնամթերքի FSSC 22000 սերտիֆիկացմամբ ժամանակակից գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, ճաշարանային ծրագրեր և քեյթրինգային ծառայություն։ 

Երեմյան ընկեությունների խմբի մարքետինգի և PR դեպարտամենտի տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ և կառավարման խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընկերության նպատակն է հասարակությանը փոխանցել բնական և անարատ կաթնամթերք, ձևավորել հասարակական առողջ սովորություններ և վարքագիծ, խրախուսել կաթ խմելու մշակույթի տարածումը։

Ընկերության գլխավոր նպատակներն են նաև գյուղատնտեսության զարգացումը, համայնքների կայուն զարգացումը, մրցունակության բարձրացումը, պարենային անվտանգությունը և միջազգային գործընկերության ամրապնդումը։ 

«Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանում եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով իր գյուղատնտեսական նախագծերը սկսել է իրագործել 2019 թվականից՝ հիմնելով միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով առաջին ֆերման Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում, իսկ 2022 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնադրվել է Հայաստանի միակ և ամենամեծ գյուղատնտեսական համալիրը։ Սկզբնական շրջանում մեր նպատակն էր սեփական կաթնամթերքի առաքումը մեր ռեստորաններ։ Մինչ հիմա այն կաթնամթերքը, որը մատուցվում է մեր ռեստորաններում, վաճառվում է մեր սպառողներին սուպերմարկետներում»,-ասաց Լուսինե Երեմյանը։ 

Նրա հավաստմամբ՝ ընկերության համար որակի ապահովումն առաջնային է, ուստի չբավարարվեցին կաթնամթերքի շուկայում առկա իրավիճակով և որոշեցին ստեղծել սեփական ֆերմերային տնտեսությունն ու կաթնամթերքի արտադրության գործարանը, որպեսզի իրագործելով «Սերմից՝ սեղան» հայեցակարգն՝ ապահովեն արտադրանքի ավելի բարձր որակ։ Շատ արագ բրենդավորվեց ապրանքանին ու արտահանվեց շուկա, ընդ որում՝ Երեմյան ընկերությունների խմբի գործունեությունը չընդհատվեց նույնիսկ «Քովիդ-19» համավարակի ժամանակ։

«Հաճելի է արձանագրել, որ մեր արտադրանքն իսկույն ճանաչվեց և մինչ օրս արագ սպառվում է՝ արժանանալով քաղաքացիների գոհունակությունը։ Մեր կանթամթերքը Հայաստանում միակն է, որը ստացվում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգի հիման վրա, փակ ցիկլով, բացառապես սեփական ֆերմայից ստացված, այլ ոչ թե հավաքագրված կաթից։ Մեր արտադրանքը միակն է Հայաստանում, որն ունի մանկական կաթի վկայական, որի գործարանն ունի FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում։ Այս ամենի շնորհիվ մեր գործունեությունը դարձել է յուրահատուկ, և դա ընդհանուր թիմի, կամ Երեմյաններ էկոհամակարգի բացառիկ մոտեցումն է իր բիզնեսին»,-ասաց մարքետինգի և PR դեպարտամենտի տնօրենը։ 

Նրա պնդմամբ՝ ցանկացած ընկերություն, եթե բարձր չի պահում որակի նշաձողը, ապա իրավունք չունի վնասել հասարակական առողջությանը։ Այդ նշաձողը սահմանվում է ինչպես արտադրության, այնպես էլ մասնագիտական շփումների, համակարգային մոտեցման և ամենօրյա ազնիվ ու արդար աշխատանքի մեջ՝ հիմնված սեփական արժեհամակարգի վրա։ Որակի ապահովումն ու առավել ևս պահպանումը պահանջում են համապատասխան ջանքեր, որոնց համադրումը մասնագիտական բարձր որակավորում ունեցող նվիրյալների թիմի հաջողության գրավականն է։ Ցանկացած հաջողված գործունեության ետևում կան մարտահրավերներ, բայց նշված ընկերության համար դրանք դիտարկվում են որպես հնարավորություններ։ 

«Մեր գործունեության ընթացքում բազմաթիվ միջազգային գործընկերներ միջպետական կամ տարածաշրջանային այցերի շրջանակում ժամանել են Երեմյան ընկերությունների խմբի ֆերմաներ։ Վերջերս ներկայացուցչական մի ստվար պատվիրակություն էր այցելել  ֆերմա՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաները։ Նրանք լսել էին ընկերության մասին, համտեսել մեր արտադրանքը, ուստի ցանկանում էին ավելի մոտիկից ծանոթանալ մեր հնարավորություններին՝ քննարկելով հետագա համագործակցության հեռանկարները»,-ասաց մարքետինգի և PR դեպարտամենտի տնօրենը։ 

Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանն իր հերթին լրագրողներին ներկայացրեց 2019 թվականից ի վեր կաթի, մսի և կերի արտադրության ոլորտում իրականացված ծրագրերն ու կիրառված տեխնոլոգիաները։ 

«Տաշիր համայնքի հարևանությամբ կառուցված մեր ֆերման Հայաստանում գյուղատնտեսության կայացած բիզնես-մոդելի օրինակ է՝ հիմնված նորարարական հայեցակարգի վրա։ Զբաղեցնելով 70 հազար ք/մ տարածք՝ մեր ֆերման կիրառում է եվրոպական չափանիշներին համապատասխան առաջադեմ տեխնոլոգիաներ՝ էկոլոգիապես մաքուր, պրեմիում կաթնամթերքի արտադրության համար։ Ունենք 150 փորձառու մասնագետներ, ովքեր ապահովում են գործառույթների անխափան իրականացումը՝ հավատարիմ մնալով անասնաբուծության զարգացման, շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների խնայողության սկզբունքներին։ Մեր ընկերությունն առաջնահերթություն է տալիս կենդանիների առողջությանն ու բարեկեցությանը՝ վերահսկման և մոնիթորինգի առաջադեմ համակարգերի կիրառմամբ։ Ֆերմայի վեց անասնաբույժներն աչալրջորեն հետևում են կենդանիների ամենօրյա խնամքին և առողջությանը։ 32 հեկտարի վրա կառուցվել են մասնագիտացված շենքեր, գոմեր, սպանդանոց, կերի համար նախատեսված ամբարներ, և այս ամենն ապահովում է ամբողջական շղթայի սահուն գործունեությունը»,-տեղեկացրեց Խաչատրյանը։ 

Նա հավելեց, որ ընկերության համար չափազանց կարևոր է սեփական աշխատակիցների մասնագիտական որակավորման շարունակական բարձրացումը, ուստի պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, արտասահմանից հաճախ հրավիրվում են մասնագետներ, ովքեր տեղում անմիջականորեն իրականացնում են վերապատրաստումներ՝ սկսած կթի օպերատորից մինչև տնօրեններ։ Բացի այդ, ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի ագրարային համալսարանի հետ՝ ուսանողների համար կազմակերպելով արտադրական պրակտիկաներ։ Լավագույն ուսանողները ֆերմայում աշխատանքի անցնելու հնարավորություն են ստանում։  

«Գյուղատնտեսությունը դինամիկ զարգացող ոլորտ է, որտեղ գնահատվում են նորարարական մոտեցումներն ու մեթոդները, ուստի ձգտում ենք հետ չմնալ արդի գործընթացներից, առավել ևս, որ մեծածավալ աշխատանքի մեջ հնարավոր չէ ամեն ինչ անել միայն թուղթ ու գրիչով։ Տավարաբուծական և խոզաբուծական ֆերմաներում ժամանակակից համակարգերի ներդրումը դարձել է անխուսափելի անհրաժեշտություն՝ ընդգրկելով նախրի շարժի կառավարելության, կենդանիների առողջության, կթի կառավարման հետ կապված հարցերը։ Բարձր որակի կաթ և մեծ ծավալի կաթնավտություն ստանալու համար սմարթ տեխնոլոգիաների օգնությամբ կատարում ենք օպտիմիզացիա, որպեսզի համակարգը գործի առավելագույն արդյունավետությամբ։ Կարևոր է նաև, որ աշխատանքային ամբողջ գործընթացը մշտապես լինի վերահսկելի, ինչը և արվում է հետևողականորեն»,-նշեց գյուղատնտեսական ծրագրերի ղեկավարը։

Երեմյան ընկերությունների խմբի ներկայացուցիչների պնդմամբ՝ ամեն ինչ արվում է, որպեսզի յուրաքանչյուր արտադրատեսակ՝ լինի կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, յոգուրտ, պանիր, համապատասխանի համի և կայուն որակի բարձր չափանիշներին և առանձնանա սննդարար բաղադրության բարձր արժեքով։ Տեսականին ներկայացնում է 60 նոր անուն՝ առաջարկելով նոր համեր սպառողների պահանջներին զուգընթաց։ Ապրանքատեսակները մատուցվում են ապակյա տարաներով, ինչն առաջարկվող ապրանքանին դարձնում է էկոլոգիապես ավելի մաքուր և ստերիլ՝ պահպանելով թարմությունն ու համային որակները։ Ընկերությունն իրագործում է նաև մի ծրագիր, ըստ որի՝ բնակիչներից հավաքվում են ապակյա տարաները, որոնք հետո ենթարկվում են վերամշակման։ 

Երեմյան ընկերությունների խումբը պարբերաբար հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնություններով։ Մասնավորապես «Երեմյան» կաթնամթերքի շրջանակում սպառողների հանդեպ ցուցաբերվող մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ նոր ծրագրի հիմք դրվեց։ Նպատակն ի սկզբանե բարձրորակ կաթի և կաթնամթերքի օգտագործումը մարդկանց առօրյայի անբաժան մաս դարձնելն էր՝ նպաստելով ավելի առողջ ապագայի ձևավորմանը և ամեն օր կաթնամթերքի օգտագործումը մարդկանց կենսակերպ դարձնելուն։ Այդ ուղղությամբ իրականացված նախաձեռնություններից է «Կաթ դպրոցներին» ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական զարգացման բանկի և Երեմյան ընկերությունների խմբի կողմից՝ ապահովելով բարձրորակ կաթ 5-9-րդ դասարանների ավելի քան 1300 աշակերտի համար Երևանի և Լոռու 9 դպրոցներում։ 

Հետաքրքիր նախաձեռնություններից է նաև Երեմյան Ֆարմ Ֆեստը, որը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի ամենամյա միջոցառում է։ Ընկերությունն արդեն երկու տարի անընդմեջ Տաշիրի տոհմաբուծական ֆերմայի ստեղծման օրը՝ հոկտեմբերի 28-ին, կազմակերպում և իրականացնում է մի միջոցառում, որի նպատակն է կիսվել գյուղատնտեսական ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներով՝ կաթնարտադրության մեջ կիրառվող արդի տեխնոլոգիաներով, գերժամանակակից սարքավորումներով, ձեռք բերված գիտելիքներով, փորձով, տեղայնացված մոտեցումներով ու ապագայի տեսլականով։ Նպատակն է Երեմյան Ֆարմ Ֆեստը դարձնել տարածաշրջանային նշանակության գյուղատնտեսական ոլորտի հեղինակավոր հարթակ։ 

Ի դեպ, Երեմյան կաթնամթերքը նաև Գինեսի ռեկորդակիր է։ 2024 թվականի հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, 7469 մարդ 1 ժամում խմեց մեկական բաժակ կաթ, ինչի արդյունքում ավելի քան 2000 շիշ (0,75լ տարողությամբ) նշված ընկերության ֆերմայից ստացված կաթ սպառվեց Գինեսի ռեկորդի գրանցման համար: 

Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենք ոչ միայն արտադրում են բարձրակյարգ, 100 տոկոսանոց բնական կաթ, այլև Հայաստանում փոխում են կաթի սպառման մշակույթը՝ նպաստելով առողջ սովորույթների և առողջ հասարակության ձևավորմանը։ Երեմյան ընկերությունների խմբի պարագայում բարձրորակ և համեղ կանթանմթերք արտադրելու հանձնառությունն իսկապես շարունակվում է մինչ օրս և ավելանում յուրաքանչյուր նոր սպառողի հետ, ով ընտրում է Երեմյան կաթնամթերքը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում