ՀՀ վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ ՀՀ-ում տնտեսության զարգացման և կայունության ապահովման:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին:
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման և այլ հարցերի շուրջ: