Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

2 րոպեի ընթերցում

Հայաստանում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ  պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գործող պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ այն մասին,  որ 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։

Փաստական տվյալների հիմքով` կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 430  միլիոն ՀՀ դրամի վնաս: Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օրենքի պահանջը ընդունել ի գիտություն և ապօրինություններ թույլ չտալ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում