«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2025
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» գիրքն առաջին տեղում է։ Գիրքը Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի շարունակությունն է, որտեղ բոլոր հարցերը, անգամ չտրվածները, ստանում են իրենց պատասխանները, իսկ պատմությունը՝ իր անհավանական հանգուցալուծումը։ Վերջին դժբախտությունն Էսթերի մեջ սպանում է երբեմնի կենսուրախ աղջկան. երիտասարդ նկարչուհին ամիսներով փակվում է իր սենյակում՝ ինքն իրեն անջատելով արտաքին աշխարհից: Բայց արտերկրից ժամանած ընկերուհին խոստանում է փրկել իրավիճակը և առաջարկում մի քանի օրով մեկնել Լոռի՝ գեղատեսիլ գյուղերից մեկում հանգստանալու։ Եվ ահա երկու ընկերուհիներ մեծ խմբի հետ միասին անցնում են գյուղից 13 կիլոմետր այն կողմ գտնվող թունելը՝ չգիտակցելով, որ մուտքն այդ հրեշավոր գետնուղով տանում է դեպի աներևակայելի սարսափներով լի նոր իրականություն:
Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Սյունե Սևադայի «Արիության մետաղ»-ը երրորդ տեղում է։ Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Վարդան Գրիգորյանի «Մանյա Այրք»-ը չորրորդ տեղում է։ «Մանյա Այրք» պատմավեպը (1988) տաղանդավոր պատմավիպասան Վարդան Գրիգորյանի (1950-1989) կարապի երգը դարձավ: Հայոց պատմության բախտորոշ շրջաններից մեկի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանի վերաբերյալ առասպելների, սրբերի վկայությունների ու վարքերի տեսքով պահպանված սուղ նյութի հիման վրա, գրողը փորձել է ստեղծել ժամանակի իրական պատկերը:
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Հարություն Ղուկասյանի «Հանճարների գիրքը» վեցերորդ տեղում է։ Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ, երբ մարդկային ռասան գտնվում էր զարգացման նախասկզբնական փուլում և ապրում էր անտառներում, վայրի գազանների պես, երկիր մոլարակի մի գողտրիկ անկյունում, Արրատա անունը կրող քաղաքում իսկական` գերզարգացած քաղաքակրություն կար: ակայն Արրատան իր մեջ բազում գաղտնիքներ էր թաքցնում: Օրիոնի համաստեղությունից ժամանած եկվորները հիմնել էին քաղաքը և թաքցնել այնտեղ համատիեզերական իմաստնությունը կրող Հանճարների Գիրքը: Այս Գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ: Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով:Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի:
Արամ Պաչյանի P/F-ը յոթերորդ տեղում է։ P/F-ը նոր հատվածային վեպ է ու նոր մոտեցում կյանքի և հիշողության հետ երկխոսելու մասին: Մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։
Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը ութերորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:
Հակոբ Մնձուրու երկերը իններորդ տեղում են։ Երկհատորյակով փորձ է արվել հնարավորինս ամբողջական տպագրել պոլսահայ մեծ գրող Մնձուրու գրական ժառանգությունը։ Հատոր առաջին Ծնունդով Արևմտյան Հայաստանի Արմտան գյուղից, գրեթե ամբողջ կյանքը Կ. Պոլսում ապրած Հակոբ Մնձուրին (1886–1978 թթ.) հայ արձակի ամենաինքնատիպ դեմքերից է: Մեծ եղեռնի օրերին կորցնելով իր ամբողջ ընտանիքը՝ նա շարունակեց ապրել Կոստանդնուպոլսում, ունեցավ ծանր ու դժվարին կյանք, սակայն իր մոտ 200 պատմվածքներում, ինչպես իր՝ սփյուռքահայ մյուս գրչակիցները, վերստեղծեց կորսված դրախտը՝ հայրենի գյուղն ու արդեն գոյություն չունեցող նախկին կյանքը: Նրա «Կապույտ լույս» (1958 թ.), «Արմտան» (1966 թ.) և «Կռունկ, ուստի՞ կու գաս» (1974 թ.) ժողովածուների՝ նաև մամուլում հրատարակված պատմվածքներում հարազատ գյուղն ու մարդիկ ներկայանում են այնպես, ինչպիսին եղել են մինչ 1915 թ.։ Թվում է, թե ժամանակը կանգ է առել, և ինչ–որ տեղ՝ հեռվում՝ Մնձուր լեռների փեշերին, դեռ ապրում են նրա հերոսները՝ աշխատասեր, բարի, երբեմն ծուռ, նեղացկոտ, իրենց չարքաշ կյանքով ու փոքրիկ վայելքներով:
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը տասներորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
1 | 0 | ![]() | Ռուբեն Եսայան, «Մարդասպանը ես եմ» | Զանգակ | 1056 |
2 | 0 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 180 |
3 | +2 | ![]() | Սյունե Սևադա, «Արիության մետաղ» | Newmag | 62 |
4 | * | ![]() | Վարդան Գրիգորյան, «Մանյա Այրք» | Անտարես | 52 |
5 | +1 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ․ հրատ | 49 |
6 | * | ![]() | Հարություն Ղուկասյան, «Հանճարների գիրքը» | էջ | 33 |
7 | * | ![]() | Արամ Պաչյան, P/F | Էջ | 32 |
8 | 0 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Օգնիր սրտիս բաբախել» | հեղ․ հրատ | 28 |
9 | նոր | ![]() | Հակոբ Մնձուրի, Երկեր | Զանգակ | 23 |
10 | -1 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ» | Դավինչի | 19 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: