Պատահարներ

Ճամբարակի պայթյունի վայրում հայտնաբերվել է որոնվող տղամարդու դին. որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են

2 րոպեի ընթերցում

Ճամբարակի պայթյունի վայրում հայտնաբերվել է որոնվող տղամարդու դին. որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են

Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Շուրջ 282 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչ այդ որոնվող տղամարդու դին։

Պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։

Շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։ 

Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող' ընթացիկ խնդիրների օպերատիվ կարգավորման նպատակով»,- ասվում է գրառման մեջ։

Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության՝ հունիսի 11-ին առավոտյան շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզմամբ․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Աղետի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ին տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություններ:   

Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը «Արմենպրես»-ի թղթակցին ավելի վաղ տեղեկացրել էր, որ փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ էր 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում