ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Sophia Antipolis տեխնոպարկ
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցայի մոտակայքում գտնվող Sophia Antipolis տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքին։
Ըստ աղբյուրի՝ ներկայում Sophia Antipolis-ը միավորում է շուրջ 2500 հեղինակավոր ընկերություններ՝ լինելով Եվրոպայում տեխնոլոգիական և գիտական համագործակցության խոշորագույն հարթակներից մեկը։