ՀՀ բանկային համակարգը նույնիսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում ունակ է կլանելու հնարավոր կորուստները. ԿԲ նախագահ
13 րոպեի ընթերցում

2024 թվականին բանկային համակարգի՝ տնտեսությանը տրված վարկային պորտֆելը աճել է մոտ 25.5, իսկ ավանդային պորտֆելը՝ 14 տոկոսով: Աճ է արձանագրվել վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններով: Չաշխատող վարկերի և վարկային կորուստների կշիռը շարունակել է նվազել: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ հնարավոր շոկային դրսևորումները տնտեսության վրա ազդեցությունը կունենան հիմնականում 2025-26 թվականներին, որից հետո այդ ազդեցությունն աստիճանաբար կմարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախորդ տարվա ֆինանսական կայունության հաշվետվությանը նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա արձանագրեց, որ 2024 թվականին ՀՀ ֆինանսական համակարգի բոլոր հատվածներով արձանագրվել է ակտիվների աճ, համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության անընդհատությունը՝ երաշխավորելով ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը բնակչության և տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար:
«Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը՝ մոտ 83 տոկոս կամ շուրջ 11 տրլն հայկական դրամ: Նախորդ տարիների համեմատ հաշվետվությունում ավելացրել ենք մեկ կետ՝ ներդրումային ընկերությունների կողմից արձանագրված տարեկան աճի վերաբերյալ: Բավականին տպավորիչ թվեր ունենք նաև այդ առումով. աճը կազմել է 57.1 տոկոս»,- նշեց Մարտին Գալստյանը:
Նրա ներկայացմամբ, բանկային համակարգի՝ տնտեսությանը տրված վարկային պորտֆելը 2024 թվականին աճել է շուրջ 25.5, իսկ ավանդներինը՝ 14 տոկոսով: Ընդ որում, վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններով աճ է արձանագրվել:
«Տարվա ընթացքում բարձր աճի տեմպեր են արձանագրվել թե՛ տնային տնտեսությունների, թե՛ բիզնեսին տրամադրված վարկերի մասով: Տնային տնտեսությունների վարկավորման բարձր աճին գրեթե հավասարապես նպաստել են սպառողական և հիպոտեկային վարկերի աճը: Ինչ վերաբերում է բիզնես-վարկերի աճին, ապա այստեղ առավել մեծ են արդյունաբերության և շինարարության ոլորտներին տրված վարկերը:
Տարվա ընթացքում նաև դիտվել է սպառողական վարկերի նկատմամբ բարձր պահանջարկ և վարկավորման աճ: Դա կարելի է բացատրել տնտեսության եկամուտների աճով, նախորդ տարիներին սպառողական վարկերի նվազող կամ չափավոր աճի ճշգրտման փոխլրացման գործընթացներով, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում ակտիվության պայմաններում նոր բնակարանների համար երկարաժամկետ օգտագործման ապրանքների ձեռքբերման անհրաժեշտությամբ»,- ասաց նա:
Մարտին Գալստյանը հավելեց, որ հիպոտեկային վարկերի աճը նույնպես պահպանվել է բարձր մակարդակի, արագանալով հատկապես տարվա վերջին եռամսյակում: Նա կարծում է, որ դա, հավանաբար, պայմանավորված է Երևանում բնակարաններ ձեռք բերելու համար եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտվելու հանգամանքով:
Բանախոսը հայտնեց, որ վարկավորման շուկայի ակտիվության մեծացման պայմաններում արձանագրվել է նաև ֆինանսական միջնորդության աճ, տնային տնտեսությունների հիպոտեկային և սպառողական վարկավորման բարձր աճի պայմաններում վերջիններս պարտքի բեռն ավելացել է:
Միևնույն ժամանակ, տնտեսության եկամուտների աճը վերջին տարիներին ուղեկցվել է նաև վարկային պարտավորությունների ժամկետայնության շարունակական աճով: Այս պարագայում տնային տնտեսություններին հնարավորություն է տրվել պահպանելու պարտքի սպասարկման բեռի համեմատաբար կայուն մակարդակ:
Նշվեց, որ վարկավորման տոկոսադրույքները դեռևս համարժեքորեն չեն արձագանքել տարվա ընթացքում քաղաքականության տոկոսադրույքի նվազմանը, ինչը բացատրվում է վարկերի բարձր պահանջարկով, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումների անորոշությունից ածանցվող էական ռիսկերով:
Արձանագրվեց, որ տնտեսության եկամուտների աճը, ինչպես նաև վարկավորման բարձր ակտիվության պայմաններում չաշխատող վարկերի և վարկային կորուստների կշիռը շարունակել է նվազել: Այնուամենայնիվ, ըստ ԿԲ նախագահի, վարկավորման որոշակի ոլորտային ուղղություններում ռիսկերի հնարավոր կուտակման և գլոբալ բարձր անորոշությունների ներկայիս միջավայրում շարունակում է գերակա մնալ վարկային ռիսկը:
Մարտին Գալստյանը հայտարարեց, որ անշարժ գույքի շուկայում նկատվում են գների աճի տեմպերի դանդաղեցման միտումներ: Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը ԿԲ-ն համարում է հնարավոր:
«Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը՝ զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր: Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկի կուտակման ազդակ հանդիսանալ»,- նշեց ԿԲ ղեկավարը:
Նա արձանագրեց, որ 2024 թվականի արդյունքներով՝ բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը, ինչպես նաև ցածր վարկային կորուստները: Զուտ տոկոսային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի հաշվեկշիռների կառուցվածքային փոփոխություններով, օրինակ, սպառողական վարկերի զգալի աճով:
Որոշակի ազդեցություն է ունեցել նաև արտաքին շուկաներում դեռևս պահպանվող հարաբերականորեն բարձր տոկոսադրույքների միջավայրը:
«Բանկային համակարգը, կարելի է ասել, շատ կապիտալացված է, և բավականին իրացվելի: Մասնավորապես, բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները տարվա ընթացքում պահպանվել են կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափերից բարձր մակարդակում, ինչը վկայում է բանկային համակարգի կողմից կորուստների կլանման բարձր ունակության մասին:
Կապիտալի և իրացվելիության դիրքի բարելավմանը մեծապես նպաստել են ինչպես կարգավորմամբ նախատեսված բուֆերների պահանջների աստիճանական ներդրումն, այնպես էլ բանկերի կողմից՝ կարգավորմամբ պահանջվող սահմանաչափերի բարձր հավելյալ պահանջների ձևավորումը»,- ասաց Մարտին Գալստյանը:
Ըստ նրա, ֆինանսական կայունության ռիսկերի մասով կարելի է առանձնացնել երկու հիմնական ռիսկ, որոնցից մեկը շարունակում է առավելապես պայմանավորված լինել արտաքին գործոններով, իսկ մյուսն առավելապես ներքին զարգացման արդյունք է:
«Աշխարհաքաղաքական անորոշությունների և առևտրատնտեսական լարվածությունների աճը շարունակում են մնալ որպես համաշխարհային տնտեսական աճին և ֆինանսական կայունությանը սպառնացող հիմնական ռիսկեր: Մասնավորապես, սպասվածից ավելի ցածր համաշխարհային տնտեսական աճի ռիսկերը գերակա են դիտարկվում բարձր գնաճի պահպանման ռիսկերի համեմատությամբ: Այս ռիսկերի նյութականացումը կարող է անդրադառնալ նաև ՀՀ ներքին մակրոֆինանսական միջավայրի վրա՝ ստեղծելով տնտեսական աճի նվազման, մասնավոր հատվածի պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային կորուստների նյութականացման ռիսկեր:
Երկրորդը՝ վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճն է, որը զուգակցվելով անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ՝ կարող է ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր:
Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքի բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,- նշեց Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով հնարավոր զարգացումներին՝ նա ընդգծեց.
«Որպես սկզբնական շոկ դիտարկվել է արտաքին ծագման անբարենպաստ իրադարձությունների նյութականացումը, ինչը տարբեր ուղիներով (արտաքին և ներքին պահանջարկ, գնաճային սպասումներ, էներգակիրների գներ, անշարժ գույքի շուկայի զարգացումներ) կարող է հանգեցնել տնտեսական աճի կտրուկ անկման, փոխարժեքի և տոկոսադրույքների աճի, ինչպես նաև զգալի գնաճային ճնշումների: Ենթադրվում է, որ շոկերի հիմնական ազդեցությունը կդրսևորվի 2025-26 թվականներին, որից հետո այն աստիճանաբար կմարի: Սա սթրեսային սցենարն է»:
ԿԲ նախագահը նշեց, որ բանկային համակարգը ներկայում բնութագրվում է կապիտալի և իրացվելիության բավականին բարձր բուֆերների ցուցանիշներով, պաշարերով, ուստի այդ համակարգի համար իրականացված մակրոսթրես թեստավորման ամփոփ արդյունքները վկայում են, որ նույնիսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում այն ունակ է կլանելու հնարավոր կորուստները՝ պահպանելով ֆինանսական միջնորդության գործառույթի անընդհատությունը:
«Ըստ երեք տարվա համար հաշվարկված սթրեսթեստի ողջ հորիզոնի՝ անսպասելի կորուստների մեծությունը կազմել է մոտ 150 մլրդ դրամ, ինչը համարժեք է ռիսկով կշռված ակտիվների մոտ 1.85 տոկոսին: Այդ գնահատականն ի թիվս այլ գործոնների մեզ համար հիմք է հանդիսացել 2024 թվականի երրորդ եռամսյակում հակացիկլիկ բուֆերների դրույքաչափի 0.25 տոկոսային կետով խստացման համար:
2024 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակել է գտնվել ֆինանսական ցիկլի աճի փուլում, իսկ վարկեր-ՀՆԱ բացասական ճեղքվածքը զգալիորեն կրճատվել է: Տարվա ընթացքում վարկային պորտֆելի բարձր աճը հանգեցրել է վարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճի, ինչի արդյունքում վերջինս գրեթե հավասարվել է իր երկարաժամկետ թրենդին:
Ֆինանսական ցիկլի ինդեքսը ևս տարվա ընթացքում աճել է, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հիպոտեկային և սպառողական վարկերի մեծածավալ տրամադրումներով»,- հայտնեց բանախոսը:
Մարտին Գալստյանը նշեց նաև, որ արձագանքելով վարկային շուկայում ցիկլային զարգացումներին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թվականի երրորդ եռամսյակում կապիտալի հակացիկլիկ բուֆերը (դրույքաչափը) բարձրացրել է 0.25 տոկոսային կետով, ինչի արդյունքում 2025 թվականի մայիսի 1-ից հակացիկլիկ բուֆերի գործող դրույքաչափը կազմում է 1.75 տոկոս: Դրույքաչափի բարձրացման վերաբերյալ որոշումը կայացնելիս Կենտրոնական բանկը հաշվի է առել նաև բանկերի հաշվեկշիռներում արդեն իսկ կուտակված ռիսկերի գնահատականները, բանկերի կողմից կապիտալի հնարավոր համալրումների ծախսատարությունը, իրականացված սթրեսթեստավորման արդյունքները, ինչպես նաև տնտեսության վարկավորման անընդհատության վրա բուֆերի դրույքաչափի ավելացման հնարավոր ազդեցությունը:
2024 թվականի ընթացքում մակրոպոտենցիալ քաղաքականության մյուս գործիքների դրույքաչափը մնացել է անփոփոխ: Մասնավորապես, չի փոխվել անշարժ գույքի գրավով ապահովված ՀՀ դրամով վարկերի համար կիրառվող վարկ-գրավ հարաբերակցության սահմանաչափը ՝ 90, իսկ ոչ ռեզիդենտների արտարժույթով տրամադրվող վարկերի համար՝ 70 տոկոսի սահմանում:
«Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ, ըստ էության, անշարժ գույքի և հիպոտեկային վարկավորման ոլորտում ակտիվության հետագա մեղմացումները հնարավոր են համարվում և Կենտրոնական բանկի կողմից լրացուցիչ միջամտությունը կարող է նպատակահարմար չլինել»,- եզրափակեց Մարտին Գալստյանը: