Արամ Վարդևանյանը ներկայացրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունները
5 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունը որոշել է ստանձնել Սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունը՝ խորհրդարանական բոլոր գործիքներն ուժեղ Հայաստան ունենալու նպատակին ծառայեցնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արամ Վարդևանյանն այս մասին ասել է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում ունեցած ելույթում։
«Մենք քննարկել ենք՝ արդյոք ընդդիմադիր խմբակցությունները պետք է մասնակցեն Ազգային ժողովի ամբողջական ձևավորման գործընթացին և ստանձնեն Սահմանադրությամբ վերապահված պաշտոնները։ Եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը»,- ասել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական ուժերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ երկրի զարգացման վերաբերյալ, սակայն Հայաստանի քաղաքացիների և քաղաքական ուժերի ընդհանուր ցանկությունը ուժեղ պետություն ունենալն է։
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունն անհանգստություններ ունի Հայաստանի զարգացման ուղղության, ազգային ինքնությանը վերաբերող խնդիրների և իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Վարդևանյանը, մասնավորապես, անդրադարձել է կալանքի և այլ խափանման միջոցների կիրառմանը՝ պնդելով, որ քրեական վարույթներում միշտ չէ, որ պատշաճ կերպով օգտագործվում են տնային կալանքի, վարչական հսկողության և գրավի հնարավորությունները։
Նա նշել է, որ այն դեպքերում, երբ կալանքը հետագայում փոխարինվել է ավելի մեղմ խափանման միջոցով, մեղադրող կողմը հաճախ չի ներկայացրել այն խստացնելու միջնորդություն։
«Ստացվում է՝ ի սկզբանե մենք ճիշտ էինք։ Բայց այդպես չի աշխատում համակարգը։ Մենք լրջագույն խնդիրներ ունենք այս ոլորտում»,- հայտարարել է Վարդևանյանը։
Նրա գնահատմամբ՝ նման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել խորհրդարանական վերահսկողության հնարավորությունները։
Վարդևանյանն անդրադարձել է նաև Հայաստանի անվտանգության մարտահրավերներին՝ նշելով, որ արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում Ազգային ժողովը մեծ անելիքներ ունի։
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն կարևորել է նաև Հայաստանի քաղաքացիների բարեկեցության ապահովումը և քաղաքական փոփոխությունների իրականացումը։
«Հայաստանի Հանրապետությանը փոփոխություններ են պետք՝ այդ թվում քաղաքական և խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ փոփոխություններ»,- ասել է նա։
Վարդևանյանն առաջարկել է փոխել ընդդիմության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների քննարկման մոտեցումը։ Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացրած նախագծերը հաճախ բացասական եզրակացություն են ստանում մշտական հանձնաժողովներում և չեն հասնում լիագումար նիստերի քննարկմանը։
«Թող Ազգային ժողովն իսկապես լինի օրենքների և հայտարարությունների նախագծերի քննարկման վայր։ Անկախ նրանից, թե նախագիծն ինչպես կքվեարկվի, այն պետք է քննարկվի նիստերի դահլիճում»,- հայտարարել է Վարդևանյանը։
Նա առաջարկել է նաև քննարկել ընդդիմությունից ընտրված ԱԺ նախագահի տեղակալին Վենետիկի հանձնաժողով դիմելու լիազորություն տրամադրելու հնարավորությունը։
Վարդևանյանի խոսքով՝ դա ընդդիմությանը հնարավորություն կտա միջազգային փորձագիտական կարծիք ստանալ այն օրենսդրական նախագծերի վերաբերյալ, որոնք խորհրդարանական մեծամասնությունը կամ Կառավարությունը չեն ուղարկի Վենետիկի հանձնաժողով։
Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի լիազորություններին՝ Վարդևանյանը նշել է, որ դրանք սահմանափակ են և հիմնականում վերաբերում են նիստերը նախագահելուն։
Նա վստահեցրել է, որ ընտրվելու և նիստ վարելու դեպքում բոլոր պատգամավորների նկատմամբ հավասար մոտեցում կցուցաբերի։
«Եթե ես Ազգային ժողովի նիստ նախագահեմ, իմ գործընկերներն ու մյուս պատգամավորներն ինձ համար պետք է հավասար լինեն օրենքի առաջ։ Հայաստանի Հանրապետությունում խոսքը չպետք է կառուցվի վիրավորական արտահայտությունների վրա։ Ես հավատում եմ, որ իրավունքը պետք է գերակայի»,- ասել է Վարդևանյանը։
Եզրափակելով ելույթը՝ նա շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ իր թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու համար։