Մշակույթ

Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակը նշանավորվեց ժամանակավոր ցուցադրության բացմամբ

3 րոպեի ընթերցում

Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակը նշանավորվեց ժամանակավոր ցուցադրության բացմամբ

Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Մարտիրոս Սարյան. ծանոթ և անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Սարյանի ծննդյան 145-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ցուցադրության շրջանակում հանրությանը ներկայացվեց   Մարտիրոս Սարյանի՝ Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) պահվող ամբողջական հավաքածուն՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ և վավերագրեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ընդգծեց, որ հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների ծանոթ և անծանոթ շուրջ 60 դիմանկար, որոնք Սարյանը նկարել է հենց ԳԱԹ-ի համար:

Խոջամիրյանն ընդգծեց՝  բացելով այս ցուցադրությանը ցանկացել են, որ այցելուները Հայաստանը ճանաչեն հայերի միջոցով և հասկանան, որ այս մարդիկ այն երախտավորներն են, որոնցով կա  Հայաստանը, գրականության, արվեստի ու մշակույթի պատմությունը:

«Այս ցուցադրության շրջանակում մենք հնարավորություն ունենք տեսնելու Սարյանի Հայաստանը՝  նշանավոր հայերի դեմքերով: Այս կտավները Սարյանը նկարել է հենց ԳԱԹ-ի համար, ինչն էլ խոսում է այն մասին, որ վարպետը մեծապես աջակցել և իր ներդրումն է ունեցել թանգարանի կայացման գործում: 

Ցուցադրությունն առանձնանում է նրանով, որ ներկայացված 60 դիմանկարները միասին չեն ցուցադրվել, և առհասարակ կան կտավներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Սա է պատճառը, որ շատերին հայտնի չէ, որ մեզ մոտ պահվում է Սարյանի  շատ մեծ հավաքածու, որին արդեն  անդրադառնալու շատ մեծ հնարավորություն կունենանք»,- ասաց Խոջամիրյանը:

Թանգարանի տնօրենի խոսքով՝ սա նաև այն բացառիկ ցուցադրություններից է, որը չունի համադրող. այդ աշխատանքը իրականացրել է ԳԱԹ-ի աշխատակազմը:

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն էլ նշեց՝ շատ ուրախալի է, որ վերջին 10 օրում ԳԱԹ-ում բացվել է երկու նոր ցուցադրություն, ինչը մեծ ու քրտնաջան աշխատանքի արդյունք է:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել թանգարանի տնօրենին և աշխատակազմին այս ահռելի աշխատանքի համար, և, խոսքը միայն ցուցադրությունների մասին չէ: Մենք տեսնում ենք նորացված սրահներ, աֆիշաներ այնտեղ, որտեղ երբևէ չեն եղել, մուտքի մոտ նոր ու գրավիչ պաստառներ, ինչը շատ ուրախալի է նախարարության համար:  Սա նշանակում է, որ մեր ներդրած ջանքերն ու էներգիան տալիս է իր արդյունքները: Ես վստահ եմ, որ առաջիկայում սպասվող բոլոր ծրագրերը թանգարանը կիրականացնի բարձ որակով ինչպիսին այսօրվա ցուցադրությունն էր»,- նշեց նախարարի տեղակալը:  

Ցուցադրությունը կտևի մեկ ամիս՝  մինչև հուլիսի 10-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում