Մշակույթ

Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի թանգարան և Մատենադարան

2 րոպեի ընթերցում

Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի թանգարան և Մատենադարան

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Վրաստանի մշակույթի նախարարը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան: Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը:

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել թանգարանի դերն ու առաքելությունը Փարաջանով արվեստագետի ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու գործում: Նա նաև թանգարանի տպավորությունների մատյանում գրառում է կատարել՝ նշելով իր հույզերն ու մաղթանքները:

Հաջորդաբար Վրաստանի պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ 

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են  Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում,  ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վրացերեն մատյանների նմուշներին։

Պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Մատենադարանի վերականգնման  բաժնում. տնօրեն Արա Խզմալյանը նրանց ծանոթացրել է հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։  

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման հայկական մշակույթը։

Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության արվեստին։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում