2 րոպեի ընթերցում
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 3-ի ժամը 12.33-ին զանգած տղամարդը հայտնել է երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել են դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ահազանգով մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:
«Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին' մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը:
Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ: Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր:
Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: