Ծխախոտի օգտագործումը 20 տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ․ մասնագետները հորդորում են զերծ մնալ ծխելուց
4 րոպեի ընթերցում

Աշխարհում տարեկան 8 մլն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման, 1 մլն մարդ էլ մահանում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով։ Սրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան նշեց, որ ժամանակի հետ փոխվում են մարտահրավերները, ծխախոտ արտադրող ընկերություններն ավելի ակտիվ են աշխատում, թիրախավորում են նոր սերնդին։ Այդ ուղղությամբ պետությունները, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, հասարակության ներգրավմամբ պետք է ակտիվ աշխատանք կատարեն։
«Լայն աշխատանք պետք է տարվի իրազեկման ուղղությամբ։ Հատկապես նոր սերունդը պետք է իմանա, որ ծխախոտի օգտագործումը 20 տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Տեսնում ենք, որ այսօր ծխախոտային տարբեր արտադրանքի հսկայական աճ է գրանցվել, աշխարհում 13-15 տարեկան 37 մլն երեխա ծխախոտ է օգտագործում, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Սիդարթա Սանկար Դատտան
Ներկայացնելով հայաստանյան ցուցանիշները՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ չափահաս մարդկանց շրջանում ծխողների թիվը 27 տոկոս է կազմում։ Ինչն ավելի վաղ ունեցած ցուցանիշներից առանձնապես չի տարբերվում։ ՀՀ կառավարությունը, պատկան մարմինները տարբեր ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում։ Մինչ այս եղել են հարկային փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել ծխախոտի գնի վրա։ Դրանից բացի հանրային վայրում ծխելու արգելքն է ուժի մեջ մտել, վաճառքի կետերում արգելվել է ծխախոտը բաց վիճակում վաճառելը։
«Հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել այս փոփոխությունները, հատկապես հանրային վայրերում ծխելու արգելքը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական որոշ կարգավորումներ, կապված սահմանափակումների հետ, բավական լավ են պահպանվում։ Օրինակ, վաճառքի կետերում ծխախոտի ցուցադրման արգելքը։ Թույլ կետը հանրային վայրերում ծխելն է։ Իհարկե, դրական փոփոխություններ կան, սակայն դեռ շատ անելիք ունենք այդ ուղղությամբ»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։
Դիտարկումների գործում քաղաքացիներին ներգրավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը գործարկում է նոր գործիքակազմ։ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը նշեց, որ ստեղծվել է SmokefreeArmenia հավելվածը, որով քաղաքացիները կարող են տեղեկություններ հաղորդել արգելված վայրերում ծխելու մասին։
«Մեզ շատ քաղաքացիներ են զանգահարում, տեղեկացնում, թե այս կամ այն հանրային վայրում ծխելու դեպք է արձանագրվել։ Մենք հիմա ստեղծել ենք այս հավելվածը, որով քաղաքացիները կարող են ոչ միայն նկարել արգելված վայրում ծխելու դեպքը և ներբեռնել, այլև ծանոթանալ օրենսդրական կարգավորումներին, ծխելու վնասակարության մասին տեղեկություններին և այլն»,-ասաց Մարիամ Մնացականյանը։
Հավելվածի միջոցով ստացված տեղեկությունները հավաքագրելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, այնուհետև փոխանցելու է վերահսկողություն իրականացնող գերատեսչություններին։