Հայաստան

Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես ունիվերսալ բնույթ կրող ոճրագործություն. ՀՑԹԻ-ում մեկնարկեց միջազգային եռօրյա գիտաժողով

6 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես ունիվերսալ բնույթ կրող ոճրագործություն. ՀՑԹԻ-ում մեկնարկեց միջազգային եռօրյա գիտաժողով

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայոց ցեղասպանության մեկ դարը. Ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 51 պատվիրակներ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում նշեց, որ Մեծ Եղեռնի 110-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակում վերոհիշյալ գիտաժողովն ունի առանցքային դերակատարություն և գիտական մեծ նշանակություն։ 

«Գիտաժողովի կազմն ու աշխարհագրությունը բավականին ներկայացուցչական են։ Գիտաժողովի միջոցով ցանկանում ենք լուծել կարևոր խնդիրներ։ Մեկ դարից ավել մենք զբաղվում ենք ցեղասպանագիտության զարգացմամբ։ Այս միջոցառման առաջնային նպատակներից մեկը ցեղասպանագիտության ստեղծման հիմքերը հասկանալն է։ Երբ փորձեցի պարզել, թե ինչպես են ձևավորվել Հոլոքոստի ուսումնասիրության հիմքերը, իմացա, որ այդ գործընթացը մեկնարկել էր որպես փաստագրման և կրթական ծրագրեր, որոնք Հոլոքոստի ուսումնասիրության կենտրոնների ստեղծումից հետո ստացան ավելի գիտական բնույթ, հետևաբար դա պրոյեկտելով նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործընթացի վրա և անցկացնելով համեմատականներ՝ կարող ենք տեսնել գրեթե նույն զարգացումը»,- ասաց Գզոյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ հայոց ցեղասպանագիտության ուսումնասիրությունները սկսվել են անմիջապես Առաջին աշխարհամարտից հետո, այնուհետև Հայաստանում և սփյուռքում   դրանք միս ու արյուն են ստացել։ 

«Այս միջոցառմամբ պետք է արձանագրենք, թե ինչ ենք արել նախորդ հարյուր տարիների ընթացքում, ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ինչ ուղղությամբ են գնացել հետազոտական աշխատանքները և ինչպիսին է լինելու հայոց ցեղասպանագիտության հետագա զարգացումը»,- ասաց ՀԹՑԻ տնօրենը։ 

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը նշեց, որ տասնամյակներ շարունակ փոքր ինչ առանձնացել ենք՝ խոսելով միայն Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ երբ ցեղասպանություն տերմինը գործածվում է Օսմանյան կայսրության պարագայում, ապա պետք է հաշվի առնել միաժամանակ երեք խմբերի՝ հայերի, ասորիների և հույների ճակատագիրը, որոնք բնաջնջվեցին այդ նույն կայսրության սահմաններում։ 

«Հետևաբար անհրաժեշտ է ուսումնասիրությունները կատարել ավելի ընդգրկուն համատեքստում՝ նկատի ունենալով երեք ժողովուրդների պատմությունը, որոնք արժանացան նույն ճակատագրին։ Հստակ է, որ այսուհետ Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես ունիվերսալ բնույթ կրող ոճրագործություն»,- ասաց Գևորգյանը։  

Նա հիշեցրեց, որ Առաջին աշխարհամարտից հետո իրավաբանները սկսեցին ուսումնասիրել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունները, պարզեցին, որ իրավական գործիքներ չկային, որպեսզի թուրքական պետությունն ու կառավարությունը ենթարկվեին պատասխանատվության։  

«Ուսումնասիրելով փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները՝ իրավաբանների հանձնախումբը եկավ այն համոզման, որ պարտադիր է միջազգային դատարանի հիմնումը։ Անշուշտ, աշխատանքներ չիրականացվեցին միայն ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, այլև գործունեություն ծավալվեց մարդկանց իրավունքների պաշտպանության և հատկապես փախստականների ու գաղթականների կարգավիճակի հարցը միջազգային հարթություն բերելու ուղղությամբ»,-ասաց  Գևորգյանը։   

Նա առանձնացրեց հատկապես Ռաֆայել Լեմկինի անուրանալի գործունեությունը, որովհետև նրա անունը կապվում է ցեղասպանագիտության ուսումնասիրության գործընթացի լեգիտիմացման և համընդհանուր ճանաչման հետ։ 

«Լեմկինի գործունեությունն իսկապես բացառիկ է, որովհետև նա կարողացավ ամփոփել և միջազգային մակարդակի վրա բերել «ցեղասպանություն» եզրույթը և այդ երևույթի դատապարտման գործընթացը։ Արժե հիշատակել նաև Ստեֆան Ռիգին, որը իր հետազոտություններում փաստահեն ճանապարհով հաստատեց կապը երիտթուրքերի, քեմալիստների ու նացիստների միջև։ Հետագա հետազոտություններում հաստատվեց այն թեզը, որ երիտթուրքերն ու քեմալիստերը զարգացրել են պրոտոֆաշիստական գաղափարախոսությունը, ինչն այդքան հաջողությամբ ընդօրինակեցին նացիստները։ Պատահական չէ, որ 1930-ական թվականներին Բեռլինում Թուրքիայի դեսպանի և նացիստական պարագլուխների միջև հաստատվել էր սերտ համագործակցություն, և թուրքական գաղափարախոսական մոդելը միանշանակ ընդունելի էր նացիստների համար, որոնք կարծում էին, որ թուրքերը գտել են ազգային փոքրամասնությունների հարցերը լուծելու լավագույն տարբերակը՝ բնակչության համակարգված բնաջնջումը»,- նշեց ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 

Գևորգյանի պնդմամբ՝ նշված ընդհանրությունը հետագայում պատճառ դարձավ հրեաների զանգվածային բնաջնջման համար, հետևաբար պետք է միշտ հիմք ընդունել այն թեզը, որ Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը նախադեպ դարձավ նրանց համար, որոնք հետագայում իրականացրեցին նմանօրինակ ոճրագործություններ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում