Կառավարությունն ընդունեց երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելու մասին օրենքի նախագիծը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որի համաձայն՝ կավելացվի համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հստակ սահմանելով լիազորությունները, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ուղղությամբ՝ հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագիծը քննարկվեց և ընդունվեց կառավարության՝ մայիսի 29-ի հերթական նիստի ընթացքում։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և օրենքի նախագծի զեկուցող Նարեկ Մկրտչյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելն է, ինչը բխում է կառավարության 2021-26 թթ․ ծրագրից, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորություններից։

«Առաջարկվող նախագծերն ավելացնում են համայնքի դերը երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում՝ հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Համայնքներում երեխաների պաշտպանության պատասխանատվությունն այս պահին հիմնականում կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է որպես ոչ մասնագիտական և ոչ արդյունավետ, որովհետև այնտեղ ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք»,-նշեց Մկրտչյանը։ 

Նախարարը մանրամասնեց, որ փաթեթով վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների կողմից պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով։ Նրա խոսքով՝ նախագծով ուժեղացվում են նաև երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը՝ համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի ու մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով։ 

«Սա հնարավորություն կտա մասնագիտորեն իրականացնել բացահայտումն ու արձագանքումը երեխայի պաշտպանության դեպքերին։

Սահմանվել են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի գնահատումը, բացահայտումը, մոնիթորինգը՝ տուն այցելությունների միջոցով, ինչպես նաև ուղղորդումն այլ մարմիններ՝ ըստ անհրաժեշտության»,-մանրամասնեց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ առաջարկվող փաթեթը մանրամասն քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների հետ։ Նախարարը նաև հստակեցրեց, որ այս հարցերի շուրջ վերջին օրենսդրական փոփոխությունները կատարվել են 2004 թվականին։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ասաց, որ փաթեթով սահմանվում է նաև «բուլինգ» հասկացությունը ու ամրագրվում պետական մարմինների պարտականությունն այն բացահայտելու հարցում։

«Ըստ փաթեթի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ»,- շեշտեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով օրենքի փոփոխությունների նախագծին, նշեց, որ սրանով արձանագրվում է, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և այդ արձանագրումը շատ կարևոր է։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան