Հայաստան

Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է․

«Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ 

Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք և լուսավոր գալիք կերտելու տեսիլքով։

Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։ 

Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում