Եվրոպա

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը դեռ կշարունակվի

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը դեռ կշարունակվի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ակնկալում, որ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը շուտով կավարտվի։ Ըստ նրա՝ մարտական ​​գործողություններն Ուկրաինայում կշարունակվեն այն պատճառով, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ցանկանում բանակցություններ սկսել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին Մերցը հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ մայիսի 27-ին Տուրկուում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

«Պատերազմները սովորաբար ավարտվում են մեկ կամ երկու կողմերի տնտեսական կամ ռազմական ուժասպառության պատճառով, բայց այս պատերազմում մենք, ըստ երևույթին, դեռ հեռու ենք նման իրավիճակից», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն երկարատև պատերազմի, ինչը նշանակում է, որ նրանք պետք է էլ ավելի ակտիվորեն աջակցեն Ուկրաինային և ապահովեն նրա պաշտպանվելու կարողությունը, զգուշացրել է Ֆրիդրիխ Մերցը։ 

«Ռուսաստանը սխալ հաշվարկներ է արել», - ասել է նա և ընդգծել, որ վերջին տարիներին Եվրոպայի միասնությունն աճել է, իսկ ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո։

Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մեկնաբանել է Մոսկվայի հրաժարումը Վատիկանում Ուկրաինայի հետ բանակցություններ վարելուց։ Մերցի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից այս առաջարկը չընդունելը ցույց է տալիս, որ այդ երկիրը շահագրգռված չէ Կիևի հետ հրադադարի շուրջ համաձայնագրի և նույնիսկ հաշտության համաձայնագրի հարցում։

Գերմանիայի կանցլերը նաև խոստացել է հետագայում ևս մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Մայիսի 26-ին Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները։ Մերցի խոսքով՝ դա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում՝ հարվածներ հասցնելով Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում