Տնտեսություն

Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհային մեծածավալ շինաշխատանքները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը. մարզպետ

3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհն այս օրերին հիմնանորոգման ակտիվ փուլում է և կարևորվում է այն առումով, որ ռազմավարական և տնտեսական մեծ նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ միջպետական ավտոճանապարհի մաս է կազմում։ 

Լրագրողների խումբը ՏԿԵ նախարարության ուղեկցությամբ այցելեց նշված տեղամաս և ծանոթացավ ընթացիկ շինաշխատանքներին։ Այս հատվածի կապալառուն «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ընկերությունն է, նախագծողը՝ «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռ. Քոնսալթ» ընկերությունը։ Հիմնանորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը 19,5 կիլոմետր է, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,300,556,771 դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2024-25 թվականներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքների կառուցում, ավազակոպճային շերտով ճանապարհի հարթեցում, ասֆալտբետոնե երեք շերտի տեղադրում։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրին բնակիչները երկար են սպասել, քանի որ հիմնականում երթևեկում էին դժվարանցանելի Տաթև-Լծեն ճանապարհով։ 

«Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ մի քանի օր անց այստեղ եռաշերտ ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն։ Ճանապարհը կարևոր է հատկապես զբոսաշրջության տեսանկյունից, որովհետև մեր հայրենակիցներն ու օտարերկրյա շատ զբոսաշրջիկներ գալիս են Տաթևի եկեղեցական համալիր։ Հիմա նրանց համար կստեղծվեն երթևեկության հարմարավետ պայմաններ»,- ասաց Ղուկասյանը։   

Նա հավելեց, որ նոր ճանապարհը զգալիորեն կլուծի նաև երթևեկության ծանրաբեռնվածության հարցը, քանի որ մարդատար մեքենաների համար շատ ավելի ձեռնտու է երթևեկել տվյալ ճանապարհով, իսկ բեռնատարները կօգտվեն Լծենի ճանապարհից։ Նախկինում նրանք մեծ խնդիրներ էին առաջացնում ոլորաններին, մինչդեռ հիմա կլինեն լիարժեք գործող երկու ճանապարհներ։   

«Քանի որ խոսեցի զբոսաշրջության մասին, ուստի շատ կարևոր է, որ հատկապես մեր քաղաքացիները հնարավորության դեպքում հաճախակի այցելեն Սյունիքի մարզ, որտեղ կան սքանչելի վայրեր լիարժեք հանգստի համար։ Սյունիքի բոլոր քաղաքներն էլ հայտնի են իրենց տեսարժան վայրերով։ Սյունեցիների համար կարևոր է, որ իրենց հայրենակիցները գոնե մեկ անգամ լինեն այստեղի գեղատեսիլ բնակավայրերում։ Այդ կերպ նրանք կնպաստեն նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը»,- նշեց Սյունիքի մարզպետը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում