Երևանի կենտրոնում մեքենաների բախումից բռնկված հրդեհից տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

Երևանում Սիլվա Կապուտիկյան փողոցում տրանսպորտային միջոցների բախման հետևանքով տուժած քաղաքացիներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:
«Մեր հերթապահ բրիգադն առաջին իսկ պահից տեղում է եղել: Այս պահի դրությամբ որևէ տուժած չկա»,- նշեց նա:
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Համացանցում, քաղաքի նշված հատվածից, տարածվում էին տեսանյութեր, որոնցում պայթյունի ձայներ էին լսվում, նկատվում էր նաև հրդեհ:
Տեսանյութերից մեկում ականատեսի պատմելով բետոնամղիչը չի կարողացել բարձրանալ ճանապարհի նեղ մասով, հետ է սահել, շրջվել ու պայթել։