Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը
2 րոպեի ընթերցում

Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ Նիկուշոր Դանը հաղթել է մայիսի 18-ին Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ առաջ անցնելով ծայրահեղ աջ, ազգայնական մրցակից Ջորջե Սիմիոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ Նիկուշոր Դանը ստացել է ձայների 54%-ը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Ջորջե Սիմիոնը՝ 46%-ը։
55-ամյա մաթեմատիկոս Դանն իր մրցակցից առաջ է անցել վերջին օրերին միայն. ավելի վաղ նա հետ էր մնում եվրոսկեպտիկ Սիմիոնից, որը կողմ էր Ուկրաինային ռազմական օգնության դադարեցմանը։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կայացել էր մայիսի 4-ին, Ջորջե Սիմիոնը հավաքել էր ձայների գրեթե 41%-ը, իսկ Դանը՝ 21%-ը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Նիկուշոր Դանին հաղթանակի առթիվ՝ նշելով, որ որպես հարևան երկիր՝ Ուկրաինայի համար կարևոր է ի դեմս Ռումինիայի ունենալ հուսալի գործընկեր։
Ռումինիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ վեց ամիս առաջ կայացած քվեարկությունը չեղարկվել էր ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուի հաղթանակից հետո։ Նման որոշումը Բուխարեստը պատճառաբանել էր ընտրություններին Ռուսաստանի միջամտությամբ, ինչը Մոսկվան հերքել է։