Ռուսաստան

ՌԴ-ում ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Գոլոս» կազմակերպության համանախագահ, փաստաբան Գրիգորի Մելքոնյանցին Ռուսաստանում անցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Դատարանի վճռով Մելքոնյանցին նշանակվել է 5 տարվա պատիժ ընդհանուր ռեժիմի գաղութում», - հայտնել են դատարանում։

Ըստ գործակալության՝ դատավճռի հրապարակման ժամանակ դատարանի դահլիճում ներկա էին իրավապաշտպաններ և դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատներից։ 

Քրեական գործը վերաբերում է Ընտրությունների մոնիթորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) հետ առնչությանը, որը 2021 թվականին Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել ՌԴ գլխավոր դատախազության որոշմամբ։ 

Մելքոնյանցը հերքում է հետաքննության փաստարկները. նրա խոսքով՝ «Գոլոս» կազմակերպությունը դադարեցրել է համագործակցությունը ENEMO-ի հետ, երբ այն անցանկալի է ճանաչվել:

«Գոլոս»-ը դարձել է Ռուսաստանի Դաշնությունում առաջին կազմակերպությունը, որն ընդգրկվել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող չգրանցված հասարակական միավորումների գրանցամատյանում։

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Մելքոնյանցն ընտրական օրենսդրության և ընտրությունների մոնիթորինգի կազմակերպման ամենահայտնի փորձագետներից է։ Այս դերում նա բազմիցս ելույթ է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ուր նրան հրավիրել է, ինչպես դատարանում հայտնել են վկաները, անձամբ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան։ 

Մելքոնյանցը ձերբակալվել է 2023 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանում միասնական քվեարկության օրվանից մեկ ամիս առաջ, և 21 ամիս անցկացրել է նախնական կալանքի տակ։ Նրա գործով լսումները տևել են ավելի քան յոթ ամիս, գործի ընթացքում փոխվել է ութ քննիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում