Հայաստան

«Հաղթանակի մարտիկներ». Սարուխանից Բեռլին՝ ինչպես լեգենդար Թամանյան դիվիզիայի հայ հետախույզը գերեվարեց 27 «լեզու»

16 րոպեի ընթերցում

Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ զրույցների «Հաղթանակի մարտիկներ» շարքը «Արմենպրես»-ը նվիրում է Հաղթանակի 80-ամյակին:

Դպրոցից՝ պատերազմ

1925 թվականին Գավառի Սարուխան գյուղում ծնված Վոլոդյա Գսպոյանը՝ Ճուտո մարտական անունով, դեռ 10-րդ դասարանի աշակերտ էր, երբ 1943 թվականին ստացավ բանակ զորակոչվելու հրամանը։ 

«Դպրոցից ուղիղ գնացի գյուղսովետ։ Հարցրի՝ ի՞նչ կա։ Ասացին՝ զինակոչիկ ես։ Պաշտոնական հրամանը կստանաս ու կգնաս ծառայության։ Ասացի՝ ուրախ եմ, որ գնում եմ։ Կատակով էլ ավելացրի՝ գոնե թողեիք 10-րդ դասարանը ավարտեինք»,– հիշում է նա։

Ծանուցագիրը ստանալուց հետո սկսվում է նրա առաջին ճամփորդությունը։ Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանից զորակոչված տղաներին հավաքում են Նորատուսում, որտեղ սկսվում են զինվորական առաջին փորձությունները։ Այնտեղից էլ նրանց մոտորանավակով տեղափոխում են Սևան։ 

Այդ հատվածն էլ հիշողության մեջ մնացել է մի փոքր տհաճ միջադեպով․ 

«Կատերում Գրիշ անունով զինակոչիկ կար։ Պառկեց փորի վրա, որ լճից ջուր խմի։ Թե էդ պահին խելքիս ինչ փչեց, քացով տվեցի, ընկավ ջուրը։ Բոլորը խառնվան իրար, վերջը ջրից հանեցին։ Հետո տարան, որովհետև ամբողջությամբ թրջվել էր ու հիվանդացել էր։ Պատերազմի ընթացքում արձակուրդի ժամանակ ինձ մոտ եկավ։ Մտածում էի՝ եկել է հետս կռվի, բայց, ընդհակառակը՝ շնորհակալություն հայտնեց, որ ես իրեն գցել էի ջուրը։ Այդպես էլ բանակ չգնաց»։ 

Զինակոչիկներին ժամանակավորապես տեղավորում են Սևանում, բայց անորոշությունը մեծ էր։ «Տեր ու տիրական չունեինք, չգիտեինք՝ ինչ պետք է անենք։ Ցուրտ էր, դրսում ձմեռ էր, սառնամանիք»։ 

Այնուհետև սկսվում է քայլարշավ դեպի Դիլիջան։ Ով ինչպես կարող էր՝ ձիով, ոտքով կամ բեռնատարի թափքում։ 

«Մի հատ գռուզավիկ եկավ, մեջը կարտոշկա էր բարձված, թե ինչ։ Վազելով թռա, բարձրացա կուզովը, պարկերի մեջ կուչ եկա ու մինչև Դիլիջան գնացինք»,-ժպտալով հիշում է Գսպոյանը։ 

Դիլիջանում հավաքակայան էր։ Այնտեղից սկսվում է արդեն համակարգված ընտրություն։ Զորամասը ստանում է հրաման՝ առանձնացնել այն զինվորներին, որոնք ունեն միջնակարգ կրթություն և տիրապետում են ռուսերենին։ «Ես ռուսերեն գիտեի, էշը ցեխից հանում էի»,– ասում է նա։ 

Նրան ուղարկում են Վրաստանի Գորի քաղաքում գտնվող ռազմական ուսումնարան։ Երեք ամիս ինտենսիվ պատրաստության ընթացքում ստանում է ավագ սերժանտի կոչում, ինչից հետո սկսվում է ռազմական ուղեգիրը Ծաղվեր գյուղաքաղաքից «Կուկուշկա» փոքր գնացքով ուղիղ դեպի Մոժայսկ, որտեղ արդեն իր գագաթնակետին էր հասել Կուրսկի ճակատամարտը։ 

Խրամատներ, տանկեր, հրանոթներ, զինվորներ ու անորոշություն։ Բայց ամենակարևոր շրջադարձն այդտեղ է լինում, երբ ավագ լեյտենանտը հրամայում է․ «Բոլոր հայերը դուրս գան»։  

Վոլոդյան հիշում է, թե ինչպես սարսափեց՝ մտածելով, որ, գուցե, գնդակահարության են տանում։ Բայց այդ պահին եկավ մայոր Պապիկ Ավալյանը, ներկայացավ ու ասաց, որ հավաքվում է հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան՝ նոր կազմով։ 

«Մեր գյուղից էլ ծանոթներ կային դիվիզիայում։ Գիտեի, որ քեռիս՝ փոխգնդապետ Դռնոյան Հայկը, այնտեղ է։ Շտաբում գնացի մոտը, բայց ինքը ինձ չէր ճանաչում։ Ինձ չէր տեսել, ես էլ գյուղից դուրս չէի եկել։ Երբ ասեցի, որ քրոջ՝ Սիրանուշի տղան եմ, գրկեց ու ուղարկեց գնդի հրամանատարի մոտ՝ իր երաշխավորությամբ։ Էդպես սկսվեց իմ ծառայությունը Թամանյան դիվիզիայում»,-պատմում է նա։

Այդտեղից սկսվեց Ճուտոյի իրական ճակատամարտը։ Տասնյոթամյա գյուղական պատանուց՝ հետախույզ, հրամանատար, օրինական զինվոր։

27 «լեզու». հայ հետախույզի անտեսանելի պատերազմը

Վոլոդյա Գսպոյանի մարտական ուղին թևակոխում է նոր փուլ այն ժամանակ, երբ նա թողնում է կապավորի պարտականություններն ու անցնում ամենավտանգավոր ու գաղտնի ծառայություններից մեկին՝ դառնում է հետախուզական դասակի հրամանատար։ Սկզբում քեռու՝ փոխգնդապետ Դռնոյան Հայկի միջամտությամբ նշանակվում է կապավոր՝ գնդի շտաբից դիվիզիայի շտաբ և հակառակը հրամաններ, գաղտնի փաստաթղթեր և հաղորդագրություններ հասցնելու համար։

Ամեն ինչ փոխվում է, երբ քեռին ծանր վիրավորում է ստանում ու տեղափոխվում Թիֆլիսի զինվորական հոսպիտալ։ Վոլոդյային տեղափոխում են հետախուզական դասակ, և նրան վստահում են հրամանատարի պաշտոնը։ Այդ պահից նա դառնում է այն հազվագյուտ հայ զինվորներից մեկը, որը հետախուզական առաջադրանքներով անցնում է ռազմաճակատի ամենավտանգավոր կետերը։

«Մեր հիմնական նպատակը «լեզու» բերելն էր՝ թշնամու զինվորականներին գողանալը։ Պատերազմի ընթացքում 27 «լեզու» բռնել ենք և հանձնել գնդի շտաբին»,-պատմում է նա։ 

Բոլոր գերիների անուններն ու ազգությունները նա նշում էր իր բլոկնոտում՝ գերմանացի, իտալացի, անգամ պորտուգալացի, բայց մեծ մասը՝ գերմանացիներ։ Գերիներն անմիջապես ուղարկվում էին գնդի շտաբ, որտեղ թարգմանիչներն ապահովում էին հարցաքննությունը։ Այս տեղեկատվությունը, ըստ ամենայնի, նաև մարշալ Ժուկովին էր հասնում, ով, ըստ վետերանի հիշողության, անձամբ էր դիմել Նվեր Սաֆարյանին՝ հայ հետախույզներից «լեզուներ» ստանալու խնդրանքով Բեռլինի հարձակման նախաշեմին։

Ճուտոյի գլխավորած դասակը բաղկացած էր 37 հոգուց։ Նրանք գրեթե միշտ գործում էին գիշերային պայմաններում, բաժանվում էին երեք խմբի՝ գերեվարման, աջակցող և թիկունքային, որոնք պետք է ներդաշնակ գործեին, քանի որ ամեն վայրկյանը կարող էր թանկ արժենալ։ Մեկ սխալ՝ և գործողությունը ձախողված է, դասակը՝ գերի կամ ոչնչացված, բայց Ճուտոյի ղեկավարությամբ այս մարտական միավորն աչքի էր ընկնում բարձր կարգապահությամբ, կազմակերպվածությամբ և արդյունքներով։

Հետախուզական գործունեությունը պահանջում էր ոչ միայն քաջություն, այլ նաև խորը իմացություն՝ տարածքների, տեխնիկայի, հակառակորդի հոգեբանության։ Վոլոդյան ոչ միայն ռազմավարական մտածողություն ուներ, այլ նաև մարդկային շփման բարձր հմտություններ։ Երբեմն գերի վերցված գերմանացիները սկսում էին գոռալ՝ վախից կամ չհասկացվածությունից, բայց Ճուտոն ու իր տղաները կարողանում էին պահել վերահսկողությունը երբեմն ուժով, երբեմն՝ սառնասրտությամբ։ 

«Տղերքիս ասում էի՝ մթին մի վախենաք։ Լուսային հրթիռ կկրակեմ, ձեր դիմացը կլուսավորվի, դուք էլ գործի կանցնեք։ Բայց ուշադիր եղեք, մի փորձեք առանց ուսումնասիրելու մոտենալ։ Ամեն բան պիտի նախապես ծրագրված լինի», – պատմում է նա։ 

Թամանյան դիվիզիայի հետախուզական դասակն արդեն ճանաչվում էր ամբողջ դիվիզիայում որպես օրինակելի։ Նրանց նկատմամբ առանձնահատուկ հարգանք կար։ 

«Սաֆարյանն էր նույնիսկ ինձ Ճուտո ասում՝ գրկաբաց։ Փոքրահասակ էի, բայց ուժեղ էի ու մարզված»,– հպարտությամբ պատմում է նա։ 

Հաղթանակի շունչը օդում․ վերջին «լեզվի» որսը խրամատում 

Վոլոդյա Գսպոյանը հիշում է՝ վերջին գործողությունը 1945 թվականի հունվարին էր, երբ գիշերը պետք է «լեզու» բերեին։ Այդ օրվա համար նրանց նույնիսկ տրամադրել էին Դեգտյարովի 1941 թ․ հակատանկային միափամփուշտ հրացան։ «Անտանելի ձայն էր հանում, ասես թնդանոթ կրակեր»,– պատմում է նա։

Գիշերը իր զինվորները նշմարել էին մեկին թշնամու խրամատում՝ լավ պաշտպանված, հողի մեջ կառուցված գետնատնակում։ Դիտարկումից հետո սպասել էին, մինչև նա մենակ մնա, ապա հանկարծակի գրոհով ներս էին խուժել ու դուրս են բերել գերմանացի 47-ամյա զինվորականի։ «Նա դիմադրում էր, գոռում, թափահարում ձեռքերն ու խոսում էր անհասկանալի լեզվով։ Մոտեցա, գռմռում էր, չհասկացա՝ ինչ է ասում։ Ատրճանակի կոթով խփեցի գլխին։ Հետո մեղքս եկավ»,– ասում է վետերանը։ Սա նրանց վերջին՝ 27-րդ գերի վերցրած «լեզուն» էր։ Հաղթանակի շունչը արդեն օդում էր։ Իսկ գերիներն արդեն փոխվել էին։ Ոմանք՝ ջղային, ոմանք՝ հուսալքված, իսկ ոմանք՝ բացահայտ ընկճված․ «Nein Hitler! Ja Stalin, Zhukow!»,-գոռում էին։

Վերջին մարտը Բեռլինում

1945 թվականի ապրիլի վերջերին հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան արդեն հասել էր նացիստական Գերմանիայի սրտին՝ Բեռլին։ Վերջին ամենադաժան ու հուսահատ մարտերը ընթանում էին քաղաքի փողոցներում, շենք առ շենք, անկյուն առ անկյուն։ Քաղաքն ամբողջությամբ վերածվել էր մարտադաշտի։ Այդ ժամանակ, ինչպես Վոլոդյա Գսպոյանն է հիշում, գիշերները կարճ էին, բայց ուժեղ մթնում էր։ «Բեռլինն այնպիսին էր, որ գիշերը 1-ին ու 12-ին լավ ուժեղ մթնում էր, որից հետո լուսանում էր ու կարող էիր նստել ու թերթ կարդալ»։

Այդ օրերին մարտական գործողությունների պայմաններում զինվորները պարանով էին հասնում հրամանատարական կետ՝ չմոլորվելու և գերի չընկնելու համար քաղաքի խավար փողոցներում և ավերված շինությունների միջով։
«Գիշերը պառկել էինք խրամատում։ Հանկարծ ինձ կանչեցին։ Հրամանատարը ուզում էր տեսնել։ Ինձ հետ նաև Արմենն էր՝ իմ զինակից ընկերը։ Բռնեցինք պարանը ու շարժվեցինք։ Ճանապարհին ընկանք հրետանային հարվածի տակ»,– հիշում է նա։

Մեծ պայթյունից հետո Վոլոդյան զգում է, որ մեջքն ուժգին տաքացավ։ Գիտակցությունը պահելով՝ փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում։ Պարզում է՝ նրա մեջքի մեջ չորս բեկոր է խրվել։ Նրան առաջնային բուժօգնության կետից արյունահոսությամբ տեղափոխում են գերմանական Ռեպպեն քաղաքում գտնվող անտառային զինվորական հոսպիտալ։ 

«Ինձ բերեցին հոսպիտալ։ Բժիշկը գերմանուհի էր։ Տեսավ ինձ, նայեց՝ չորս հատ բեկոր ու ողջ եմ։ Զարմացած ասաց․ «Չորս բեկոր խփել է այս մարդուն, չի մեռել»»,– պատմում է Ճուտոն՝ ժպտալով։ 

Ամբողջ մեկ ամիս պառկել էր փորի վրա․ մեջքի վրա պառկելն անհնար էր։ Վիրահատության ժամանակ բժիշկները կարողանում են երկու բեկոր հեռացնել, բայց մյուս երկուսը, այդ թվում՝ մեկը սեղմված ողնաշարի հատվածում, այդպես էլ մնում են մարմնում։ «Ռիսկ չարեցին հանեն։ Մինչև հիմա էլ մեջքիս մեջ կան»,– ասում է նա։ 

Բայց նույնիսկ հոսպիտալում գտնվելը նրան չի հեռացնում մարտական ընկերներից։ Մայիսի 9-ին՝ վաղ առավոտյան, հանկարծ լսվում է բժշկական բաժանմունքի միջանցքում հնչեղ, վճռական հրամանի ձայնը՝
«Смирно!»։

«Մենք վիրավոր պառկած էինք։ Սկզբում չհասկացանք։ Մտածեցի՝ էս մարդիկ հոսպիտալում էլ են «Смирно» ասում։ Հետո հասկացանք՝ պատերազմն ավարտվել է։ Հաղթել ենք»,- հիշում է նա։ 

Այդ օրերին վիրավոր զինվորներին առաջարկում էին ինչ-որ բան ուղարկել ընտանիքներին՝ իբրև հիշատակ։ Վոլոդյան ոչինչ չուներ ուղարկելու, բայց կողքի մահճակալին պառկած ռուս զինվորը, որը մի քանի նամակ էր ուղարկել տուն և պատասխան չէր ստացել, չգիտեր՝ ընտանիքը ողջ է, թե ոչ։ Նա նայում է Վոլոդյային ու ասում․ «Իմ ընտանիքից նորություն չկա։ Վերցրու սա ու ուղարկիր»։ Եվ նրան տալիս է մի տուփ խաղաքարտ ու մաքուր սավան։ 

Այդ խաղաքարտերն ու սավանը փաթեթավորվում են և ուղարկվում Գսպոյանի տուն՝ Սարուխան գյուղ։ Ծանրոցը վերցնում է հայրը։ Գյուղսովետի նախագահը միջամտում է՝«Բացենք, տեսնենք՝ առաջինը ձեռքիս ինչ կընկնի՝ ինձ կտաս»։  

Հայրը համաձայնվում է։ Բացված ծանրոցում առաջինը խաղաքարտերի տուփն էր։ Մայրը, տեսնելով ծանրոցը, չիմանալով որդու ճակատագիրը, հուզվում է․ «Լաց էր լինում, մտածում էր՝ մի բան պատահել է»։  Վոլոդյա Գսպոյանը ողջ էր։ Եվ ամենակարևորը՝ նա ողջ էր վերադառնում՝ որպես հաղթանակած զինվոր։ 

Հերոսը վերադառնում է տուն

Բեռլինում ստացած ծանր վիրավորումից և երկարատև ապաքինումից հետո Վոլոդյա Գսպոյանը չզորացրվեց։

Պատերազմն ավարտվել էր, բայց նրա ծառայությունը շարունակվում էր խաղաղության պայմաններում և նույն պատասխանատվությամբ։

1945 թվականի սեպտեմբերի 12-ին Գսպոյանի ծառայած 526-րդ հրաձգային գունդը տեղակայվում է Էջմիածնում, որտեղ նա շարունակում է իր պարտականությունների կատարումը։ Այսպես նա ծառայում է մինչև 1951 թվականը։ 

Զորամասից նրան առաջարկվում է մեկնել Լենինգրադ՝ խորհրդային բանակի բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ նրան կսովորեցնեին ռազմարվեստի վերնախավի մակարդակով։ Միաժամանակ այդ առաջարկն է ստանում նաև ծառայակից ընկերը՝ լեյտենանտ Վոլոդյա Խանամիրյանը։

«Էնքան ընկան իմ հետևից, ասում էին՝ գնա, պիտի գնաս։ Բայց ես չգնացի։ Հիմարություն արեցի։ Պետք է գնայի։ Իսկ ծառայակից Վոլոդյա Խանամիրյանը գնաց ու դարձավ գեներալ-մայոր, դիվիզիայի հրամանատար»,- պատմում է նա։

Վոլոդյա Գսպոյանի ծառայությունն արժանացել էր Խորհրդային միության բարձրագույն գնահատականների․ «Արիության համար» երկու մեդալ՝ քաջության և անձնազոհ գործողությունների համար, «Խիզախության համար» մեդալ՝ սահմանային առաջադրանքներում աչքի ընկնելու համար, «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան», «Կարմիր աստղի շքանշան» և ամենակարևորը՝ «Կարմիր դրոշի շքանշան», որը տրվում էր բացառիկ հերոսության և ծառայության համար։ Բացի այս պարգևներից, նա ստացել է նաև ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ շնորհակալագիր՝ որպես Բեռլինի մարտերին ակտիվ մասնակցած զինվոր։

Վետերանի պատգամը նոր սերնդին

«Հիմա երիտասարդների հետ խոսում ես՝ մեկը ծիծաղում է, մեկն ընդհանրապես չի ուզում լսել։ Սովետական երիտասարդությունը հոյակապ էր։ Շատ համբերատար էին, մեծին ու փոքրին տարբերում էին։

Ինձ համար հայրենիքը իմ ընտանիքն է, իմ տունը։ Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ խելացի, կրթված, հետաքրքրվող երիտասարդների։ Նրանք իսկապես հոյակապ, հայրենասեր տղաներ են։ Ուստի, իմ կոչն եմ հղում այսօրվա երիտասարդներին․ պայքարեք հանուն Հայաստանի անկախության»։ 

Հայերեն Русский

Քրեական ոստիկանները ձերբակալել են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացուն

Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կգործուղվի Բոսնիա եւ Հերցեգովինա

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Ռուսաստանն ու Ուկրաինան 390–ական գերի են փոխանակել

Հայաստանը և Ադրբեջանն աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար

ՀՀ նախկին նախագահը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Ըստ Միրզոյանի՝ ՀՀ-ում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը համագործակցությունը խթանելու լավ առիթ է

Վերջին զանգի մասնակիցների 217  ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. 127-ի ղեկին եղել են անչափահասներ

ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին