Վարչապետը դատապարտեց Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:
«Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,–ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ ինքը թաղապետի հարցով չի զբաղվում՝ ընդգծելով, որ թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները:
«Իսկ, երբ հարցը կդառնա քաղաքական հարց, կան նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն»,–նշեց վարչապետը:
Նա այս համատեքստում հիշեցրեց իրենց իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի ստեղծման մասին:
Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Մհեր Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։