Իրավունք

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգվել է, նաև ճշտվել է էջմիածնեցու ինքնությունը, որը Զվարթնոց թաղամասի բնակիչ է, 26 տարեկան:

«Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ գիշերվա ժամը 2-ին, Երևանի քրեական ոստիկանները մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում ձերբակալեցին 26-ամյա էջմիածնեցուն և նրա երկու համաքաղաքացիներին` 39 և 40 տարեկան տղամարդկանց: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն:

26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` լցված ավելի քան 33 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Նրա մոտ կար նաև մարիխուանայի նմանվող զանգված:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 26-ամյա էջմիածնեցուն մեղադրանք է ներկայացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում