Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքներին

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին։

Իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին և երկրների միջև առկա գործակցությանը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես խոսել է Արգենտինայի հայ համայնքի ազգային-հոգևոր աշխույժ կյանքի և կազմակերպվածության մասին՝ այս առնչությամբ իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ է նկատարել քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների հետ Հայոց Եկեղեցու հարաբերություններին, նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքներին և Հայաստանի առջև ծառացած ծանր մարտահրավերներին:

Հայոց Հովվապետը կարևոր է նկատել բարեկամ երկրների և միազգային հանրության կողմից գործադրվող ջանքերն ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, Բաքվում անազատության մեջ պահվող գերիների ազատ արձակման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում