Ցեղասպանություն վերապրածի ժառանգն արդարություն է պահանջում՝ վերականգնել Թուրքիայում թողած ունեցվածքի տիրապետման իրավունքը

3 րոպեի ընթերցում

Գյումրեցի 90-ամյա Արաքսի Դեմիրճյանը պահանջում է՝ պետք է վերականգնվի արդարությունը, պետք է վերադարձնի մոր՝ Մարիամ Խաչիկյան-Դեմիրճյանի կտակում նշված ունեցվածքը, որն իրենց ընտանիքը կորցրել է Հայոց ցեղասպանության տարիներին։ Նա նաև հույս ունի, որ ոչ միայն մոր կտակի արդարությունն ի վերջո կհաստատվի, այլև Հայոց ցեղասպանությունը կստանա համընդհանուր ճանաչում։ «Թող աշխարհն իմանա՝ ինչ ենք մենք կորցրել ու ինչ արդարություն ենք փնտրում այսքան տարի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է տիկին Արաքսին։

Արաքսի տատը ծնվել է Սիրիայում, այն ընտանիքում, որի արմատները գալիս են Խարբերդից։ Ցեղասպանության ժամանակ Արաքսի Դեմիրճյանի տատը՝ Մարթա Քաչիկյանը, կորցնելով ամուսնուն, երեք դուստրերի հետ ապաստան է գտնում Հալեպում։ 1929 թվականին Մարթան դիմում է Հալեպի վիլայեթի բարձրագույն հանձնախմբին՝ իրենց՝ Թուրքիայում թողած անշարժ գույքի նկատմամբ իրավունքները վերականգնելու նպատակով։ Չնայած ներկայացված փաստաթղթերին, գործը այդպես էլ լուծում չի ստանում։

1946 թվականին Դեմիրճյանների ընտանիքը Սիրայից հայրենադարձվում է Հայաստան։ «Ինը տարեկան էի, երբ եկանք Հայաստան։ Սիրով եկանք, գիտեինք՝ սա մեր տունն է, մեր օջախը։ Միշտ ասել են՝ հայը պետք է ապրի իր հողում»,-պատմում է տիկին Արաքսին՝ հավելելով, որ ընտանիքը երբեք չի զղջացել վերադարձի համար։

Տիկին Արաքսիի պնդմամբ՝ մոր՝ Մարիամ Խաչիկյան-Դեմիրճյանի կտակը՝ հայերեն թարգմանված փաստաթղթերով, այսօր պահվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Բնօրինակները տիկին Արաքսին պահում է տանը՝ փոքրիկ կանաչ տուփի մեջ։ Այդ փաստաթղթերը վկայում են Խարբերդում գտնվող տների, կալվածքների, արոտավայրերի և այլ ունեցվածքի մասին՝ ընդհանուր առմամբ 18 000 թուրքական լիրայի արժեքով (ըստ 1929 թ․ տվյալների)։

«Այս տուփի մեջ իմ ընտանիքի ողջ անցյալն է։ Տուփը գտա մորս մահից հետո՝ նրա հագուստները դասավորելիս։ Երբ փաստաթղթերը թարգմանեցին՝ հասկացա, թե ինչ ահռելի ունեցվածք ենք կորցրել»,-պատմում է տիկին Արաքսին։

Տարիների ընթացքում նա դիմել է տարբեր կառույցների՝ Հայաստանում, արտերկրում, անգամ այցելել է Թուրքիա, հանդիպել իրավաբանների հետ, սակայն, ինչպես ինքն է ասում, գործնական քայլեր մինչ այժմ չեն արվել։ «Ես նամակ եմ ուղարկել Հայ դատի գրասենյակ։ Աստծու հետ պայման ունեմ՝ չմեռնեմ, մինչև այդ գումարները հետ չվերադարձնեմ։ Հենց հետ բերեմ այդ ունեցվածքը, կտամ մանկատներին ու ծերանոցներին։ Իմ պարտքն եմ համարում։ Արդեն մեծ եմ, չհասցնեմ՝ իմ ունեցվածքը թուրքին կմնա»,-եզրափակում է Արաքսի Դեմիրճյանը։

Հայերեն English Français Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին