Ադրբեջան

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

3 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը  Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը 1992 թվականին տեղի ունեցած Իվանյանի (Խոջալու) դեպքերի վերաբերյալ։

Դավիթ Բաբայանն Իվանյանի դեպքերի վերաբերյալ հարցաքննվել է ապրիլի 21-ին Բաքվում կայացած շինծու դատական նիստի ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա ընտանիքի միջոցով ձայնային հաղորդագրություն է փոխանցել 168.am-ին, որում նշել է, որ այդ դեպքերի վերաբերյալ ինքն ասել է այլ բան, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները իրեն վերագրել են լրիվ հակառակը։

«Այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992-ի Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան:

Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ»,- ասել է Բաբայանը:

Նա նաև հավելել է, որ իրենց Բաքվում նորմալ են վերաբերվում, որևէ խնդիր չունեն։ «Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ: Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում: Ավելին, եթե նորմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում: Մնացած ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի: Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,- նշել  է Դավիթ Բաբայանը:

Ապրիլի 21-ին կայացած ապօրինի դատական նիստի ընթացքում Իվանյանի դեպքերի վերաբերյալ հարցաքննվել են նաև ԼՂ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը։ 

Այդ  նիստից հոդվածներ են հրապարակել Caliber.az-ն ու «Ազերթաջ»-ը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Դավիթ Բաբայանն իբր ասել է, թե ինքը ներգրավված չի եղել Խոջալուի իրադարձություններում և նշել, որ այդ իրադարձությունների ժամանակ նրանք, ովքեր ցանկացել են հարցը լուծել ուժի միջոցով, հասել են իրենց նպատակին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնել են, թե Բաբայանն իբր ասել է, որ Լեռնային Ղարաբաղում Խոջալուի ազատագրման համար մեդալ է եղել։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում