Ամեն մի նոր ցուցահանդես մի նոր կյանքի սկիզբ է. Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի հայաշունչ գործերը՝ Օրենբուրգում
9 րոպեի ընթերցում
Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը միջազգային հարթակներում ներկայանալու պակաս չի ունեցել, սակայն ավելորդ չի համարում անհատական ցուցադրություններով օտար երկրներում հաճախ հանդես գալը, քանի որ այդպես արվեստասերներն ամեն անգամ նորովի են բացահայտում հայ մշակույթը։ Կարծում է՝ նկարչի համար յուրաքանչյուր նոր ցուցադրություն նոր կյանքի սկիզբ է։
Ապրիլի 3-ից մինչև մայիսի 20-ը Օրենբուրգի կերպարվեստի շրջանային թանգարանում գործում է Միրզոյանի «Փարավոն Միրզոյան. գույն բերող նկարիչը» անհատական ցուցահանդեսը, որում ընդգրկվել են հեղինակի այն ստեղծագործությունները, որոնցում հայ կինն է, հայկական բնաշխարհն է, հայկական ոգին է։

Բացումից օրեր անց «Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Միրզոյանի արվեստանոց և նրա հետ զրուցել թե՛ ընթացիկ, թե՛ առաջիկա ցուցադրությունների մասին։
«Նկարչի համար ավելի լավ զգացողություն չկա, քան տեսնելը, թե ինչպես են քեզ հարգում, գնահատում ոչ միայն քո հայրենիքում, այլև արտերկրում։ Ոգևորում է, երբ նկատում ես, որ ժողովուրդը, այցելուները շատ լավ են վերաբերվում քեզ, արժևորում են ստեղծագործություններդ»,-խոստովանում է նկարիչը։
Օրենբուրգի թանգարանի նախաձեռնությամբ նաև հրատարակվել է ցուցադրությանը նվիրված ալբոմ, որում Միրզոյանի յուրահատուկ աշխատանքներն են, նրա կենսագրությունն ու արվեստին վերաբերող մեկնաբանություններ։ Ըստ Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևի՝ Միրզոյանի կոլորիտային մեղեդիները, նրա պոետական հոգին ավելի լավ հասկանալու և գնահատելու համար պետք է լինել նրա հայրենիքում։ Նա ընդգծում է՝ Միրզոյան նկարչի գունապնակը միայն հարթ մակերեսը չէ, որի վրա արտացոլվում են նրա գույները, դրանք բլուրներն են, Հայաստանի լեռներն են, զարմանալի ժողովրդի, երկրի իսկապես անհավանական բազմադարյա պատմությունն է։

«Գոհ եմ, որ թանգարանն իր հնարավորություններով հրաշալի կատալոգ է հրատարակել, պաստառներ, իմ ինքնադիմանկարով բացիկներ։ Այդ ամենը խոսում է հայ նկարչի հանդեպ հարգանքի մասին։ Շատ ուրախացա, որ հանդիպեցի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ոգևորել էր հայ նկարչի ցուցադրությանը ներկա լինելու փաստը։ Նրանք Օրենբուրգում «Հայկական տուն» են կառուցել, որը հրաշալի շինություն է, հիմա հայկական եկեղեցի են կառուցում, որը, ինչպես հասկացա, հետաքրքիր ճարտարապետական լուծումներ ունի և բավականին լավ տարածք։ Այդ հինգ կամ վեց օրն Օրենբուրգում ինձ համար մեծ կարևորություն ունեին»,-նշում է Միրզոյանն ու հավելում՝ Օրենբուրգը հանգիստ ու խաղաղ քաղաք է, իսկ շատ տարիներ առաջ այն աքսորավայր է եղել։ Վահան Տերյանն իր մահկանացուն Օրենբուրգում է կնքել։ Քաղաքում տեղադրված է մեծ վարպետի արձանը, կանգուն է նրա տունը։
Միրզոյանը կարծում է՝ ցուցադրությունն իրական տոն է եղել ոչ միայն իր, այլև կազմակերպիչների և այցելուների համար։ Ներկաներն իսկապես հետաքրքրվել են իր արվեստով, Հայաստանով։ Նկարիչն անկեղծանում է՝ ամեն անգամ անցյալը վերհիշելիս, կյանքի հետաքրքիր դրվագներին անդրադառնալիս՝ վերապրում է ամեն բան։ «Նրանք սիրում են վերլուծել, հարցեր տալ, լսել կարծիքդ, ուզում են հասկանալ, թե ինչ ես մտածում»,-ասում է նա։

Փարավոն Միրզոյանի գունապնակը հարուստ է վառ գույներով, սակայն գունային ընտրությունը կախված է այդ պահի ոգեշնչումից, տրամադրությունից և զգացմունքներից։ Ասում է՝ երբ ծանոթանում է բնության տեսարաններին կամ որևէ անձի հետ, մտածում է, թե ինչ տեսակի մարդ է, որ գունային հարաբերությունները կարող են ավելի ճիշտ ներկայացնել տվյալ անձնավորությանը, նրա հոգեկերտվածքը, ուստի գունային հստակ նախընտրություն չունի։ Վստահեցնում է՝ նկարչի համար բոլոր գույները ծառայում են որպես նյութ. նա պետք է գտնի համապատասխան երանգները։
Մեր հանդիպումներից մեկի ժամանակ խոսելով նկարչության ժանրերի մասին՝ Միրզոյանը նշել էր, որ այդ պահին իրեն աբստրակտ նկարչությունն է ձգում։ Անավարտ կտավը, որը զարդարում է նրա արվեստանոց-բնակարանը, այդ ժանրի թվաց։ Այն կոչվում է «Ադամի և Եվայի ծնունդը»։ «Աշխարհն Ադամին ու Եվային նկարել է մերկ, կողք կողքի, իսկ ինձ թվում է, որ նրանք հողից են ծնվել, ծառ են։ Ես այդ կերպ եմ տեսել ու կտավի վրա արտացոլել նրանց»,-ասում է նա։

Կյանքի տարբեր փուլերում Միրզոյանի արվեստը տարբեր դրսևորումներ է ունեցել, փոփոխությունների ենթարկվել, սակայն նա չի կարող ասել, թե որ շրջանում ստեղծված գործերն են շատ յուրահատուկ ու բացառիկ։ Ըստ նկարչի՝ ամեն մի ժամանակաշրջան, ամեն մի ստեղծագործական փուլ իր արդյունքներն է տալիս։ «Երբ նայում ես նկարչի ստեղծագործությանը, տեսնում ես, որ նա այդ գործը ստեղծելիս 30 տարեկան է եղել, հետո դառնում է քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն։ Եթե Աստված տվել է այդքան ապրելու հնարավորություն, այդ ռիթմը պետք է զգալ, և դա է ստեղծագործական կյանքը։ Չես կարող 30 տարեկանում և վաթսուն տարեկանում նույնը զգալ, զգացմունքների արտահայտչաձևերը ևս փոխվում են»,-նշում է Միրզոյանը, որը կարծում է՝ նկարիչը պետք է միշտ սիրահարված լինի. եթե սիրահարված չէ, նրա ստեղծագործությունը կլինի միջին, իսկ հեղինակը՝ ուղղակի մարդ, որ նկարում է, այնինչ պետք է զգալ ու արտահայտել այդ հույզերը։
Միրզոյանի կտավներն ուսումնասիրելիս՝ նկատում ես, որ հեղինակը հաճախ չի անդրադառնում եկեղեցիներին, ճարտարապետական տարբեր կոթողներին։ Նա հիշեցնում է՝ մի քանի մեծածավալ պաննո ունի՝ «Հայաստան» պաննոն, որը ցուցադրվում է Հայաստանի ազգային գրադարանում, «Արցախ» պաննոն, որը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում է, «Ծովից ծով Հայաստան» նկարը, որը դատախազության կոլեգիայի դահլիճում է, «Սյունիք» պաննոն: Բոլորը նվիրված են իր հայրենիքին, բնությանը, աշխարհին: «Երբ նկարում եմ «Հայաստան» պաննոն, այնտեղ պետք է ամեն բան լինի, «Ծովից ծով Հայաստան»-ի դեպքում Անին էլ պետք է լինի, Վանն էլ, Կիլիկիան էլ։ Կառուցողական բնանկարներ են, «Արցախ» պաննոն ևս պետք է խորհրդանշական լինի»,-ընդգծում է ժողովրդական նկարիչը։

2025-ին Փարավոն Միրզոյանը կտոնի ծննդյան 75-ամյակը։ Նոյեմբերին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» և «Մարտիրոս Սարյան» սրահներում կբացվի նրա անհատական ցուցահանդեսը։ «Օրենբուրգի ցուցադրությանը ներկայացված է իմ նկարչության մի մասը միայն, իսկ Երևանում ընդգրկուն ցուցադրություն կլինի։ Կզետեղվեն 1972 թվականի գործերից մինչև վերջին շրջանի նկարները։ Երկրորդ հարկում գրաֆիկական և պաստելով աշխատանքները կլինեն, իսկ առաջին հարկում՝ մեծածավալ կտավներ, կոմպոզիցիաներ, դիմանկարներ, այլ գործեր։ Համադրողները երկուսը կլինեն»,-տեղեկացնում է նա։
Հարցին, թե ինչն է այսօր պակասում արվեստագետին, Փարավոն Միրզոյանը պատասխանում է՝ հարգանքը։ Կարծում է՝ յուրաքանչյուր ցուցադրություն պետք է մեծ երևույթ լինի, քննարկման լուրջ առարկա դառնա, դուրս գա մտերիմների շրջանակից, շատ լուսաբանվի, վերլուծությունների առարկա դառնա։
«Հիմա ամեն բան խառնված է, պետք է հստակ ասվի, թե ինչու է այս կամ այն նկարչի արվեստը բարձր, այս կամ այն նկարչի արվեստը՝ ոչ այդքան»,-շեշտում է Միրզոյանը։
Նա դա ոչ միայն արվեստաբանների, այլև պետության խնդիրն է համարում։