Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծաղկազարդի տոնախմբությանը կատարվել է մանուկների օրհնության կարգ

3 րոպեի ընթերցում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 13-ին տոնախմբել է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռից, այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի է ունեցել Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: 

«Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը: 

Հոգենորոգ տոնի կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Վարդան Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Ծաղկազարդով ավարտվում է Մեծ Պահքը և սկսվում Ավագ շաբաթվա տնօրինական խորհուրդները։ 

Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հրաշափառ մուտքի ժամանակ հրեաների և ներկա բոլոր ուխտավորների սպասումներին՝ Պատարագիչ Սրբազանը նշեց․ «Քրիստոս մեզ սովորեցրեց, որ մենք ոչ միայն ուրախության, երջանկության, հաջողության ժամանակ օրհնենք Աստծուն, այլև մեր կյանքում պատահած դժվարության և փորձության պահերին։

Հիսուս մեզ ուսուցանեց, որ Տերը ցանկանում է մտնել մեր կյանք և թակում է յուրաքանչյուրիս սրտի դուռը, իսկ մեզ մնում է բացել այդ դուռը՝ Քրիստոսին ընդունելով իբրև մեր կյանքի վերափոխման աղբյուր, որպես մեր կյանքում երջանկության, համերաշխության և խաղաղության կերտողի»։ 

Վերջում Վարդան Սրբազանը, դիմելով ներկաներին, հորդորեց Քրիստոսով նորոգվել ու ծաղկազարդվել՝ պատրաստ լինելով Տիրոջ փառահեղ գալստյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվել է մանուկների օրհնության կարգ։

Հայերեն العربية

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ