Հայաստան

Ագարակաձորի քարանձավն ու Վիշապի կիրճը

7 րոպեի ընթերցում

Ագարակաձորի քարանձավն ու Վիշապի կիրճը

Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի արեւելյան եզրով դաշտամիջյան գրունտային ճանապարհը մեզ տանում է դեպի հարավ, դեպի անվերջանալի ժայռաստաններ, որոնցից յուրաքանչյուրը բնության անկրկնելի ու հրաշք հուշարձան է, մարդկային աչքի համար գրավչության անսպառ դիտարան։

Արտասովոր տեսարաններ են բացվում մեր առջեւ՝ ընդգծելով լեռնագագաթների, լեռնալանջերի, անդնդախոր ձորերի, լեռներին գրեթե հպված ամպերի, քարերի ու ժայռերի միջից ծլարձակած բուսաշխարհի գեղեցկությունները։ 

Գարնանաբույր Վայոց Ձորը մի հրաշալի թարմություն է սփռել շրջապատում, տարածել բնության ամենաբազմազան, ամենաշռայլ ու դիտարժան գույները։ Մեր դիմաց Գայլի ականջ լեռն է, որի հյուսիսային ստորոտում տարածվում է Հայաստանի ամենանեղ կիրճը, որին Վիշապի կամ Գրավի կիրճ են անվանում։ Բոլորեքյան տարածվող ողորկ եւ ուղղահայաց վեր բարձրացող ժայռերի վերին, ստորին կամ մեջտեղի հատվածներում բացված բնական խոռոչները միանգամայն հուշում են քարանձավների գոյության մասին, որոնց մեծ մասը դժվարամատչելի են մարդկանց համար։

Այս կուսական ու վայրի բնության մեջ մարդկային ձայնը արձագանքում է շատ խորհրդավոր ու կայծակնային արագությամբ, ժայռապատ ձորերի լայնք ու երկայնքով ու խորությամբ մեկ։  

Ի տարբերություն լեռնածերպերի ահարկու մակերեսները շոշափող մարդկային ձայնի՝ մարդկային ոտքերն այդպես էլ անմատչելի են մնում երկնասլաց քարակարկառների համար, եթե դրանց լանջերին ընդգծված արահետներ չեն նշմարվում։  

Այդպիսի մի նշմարվող արահետով «Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանը մեզ առաջնորդում է դեպի Ագարակաձորի քարանձավ, որը գտնվում է Վիշապի կիրճի արեւելյան ժայռաշղթայի վերնամասում։  

Վիշապի կիրճի քարանձավը բավական ընդարձակ սրահ ունի՝ ավելի քան 10 մետր բարձրությամբ ու նույնքան էլ լայնությամբ։ Խորքում այն նեղանում է, դառնում փոքր անցք ունեցող գետնախորշ, որի մուտքը լցված է քարով ու հողով։ Շատ հնարավոր է, որ այն ժամանակին գաղտնուղի է ծառայել այստեղ ապաստանած մարդկանց համար։

Չնայած դրսում տաք եղանակ է, բայց դա չի խանգարում, որ մի քանի մետր դեպի ներս, արդեն քարանձավի մեջ, դեմքիդ հպվի սառնաշունչ օդը։

Իսկ քարանձավի ներսից, ինչպես ափիդ մեջ, աչքերիդ առջեւ բացվում է մի զարմանահրաշ տեսարան՝ Վիշապի կամ Գրավի կիրճը, որի վրա սփռված արեւի լույսը ճառագում է բոցեղեն փայլով՝ երեւան հանելով հեքիաթային ու դրախտային այս վայրի բնական հրաշալիքները։ Տեսածդ մի անգերազանցելի բնանկար է թվում, շքեղաշուք քանդակ, հավերժության զգացում, որից աչքդ չես կարող կտրել ոչ մի ակնթարթ։

Դուրս ենք գալիս քարանձավից ու նեղ արահետով իջնում դեպի ձորը, որի նեղ կիրճով էլ տասնյակ կիլոմետրերի վրա ձգվում է Վիշապի կիրճը։ Մեր առջեւ, կարծես, բացվում են դրախտի սքանչելի դռները, որտեղ ամեն ինչ շնչում է վայրի նազանքով, սիրո հմայքով, կուսական անուրջներով, կախարդական ձայներով, գույնզգույն ու վառվռուն ծաղկաստաններով։ Մենք այդ հեքիաթային բաց ու լայն դռնով մտնում ենք երկնասլաց երկու ժայռերի արանքը ու քայլում դեպի հարավ։ Կիրճը մեր ոտքերի տակ ու կողքերում աստիճանաբար նեղանում է այնքան, որ առաջ գնալու համար մեզ մի երկու-երեք թզաչափ լայնության արահետ է մնում։ Մեր ոտքերի տակ ու կողքերում ավելի շատ քարաժայռեր են, քան թե հողածածկույթ, սակայն ծառերն ու թփերը իրենց ծիլերի զորությամբ կարողացել են ճեղքել ապառաժե կարծրությունները ու ձգվել դեպի արեւի կենարար շողերն ու կուսական օդի արձակ տարածությունները։ Ահա քեզ գաղտնախորհուրդ աշխարհը, որտեղ կյանքն այլ հմայքի, անուրջների ու ձգտումների, ձգող էներգիայի մեջ է, որտեղ ամեն մի երկրային վայելքից կարելի է գոնե մի կարճ ժամանակ հրաժարվել՝ հանուն այս կուսական վայրով գոնե մեկ անգամ քայլելու հաճույքը ըմբոշխնելու համար։

Մեր ոտքերի տակ դեռ չչորացած կավացեխ հատակն է, ինչը հուշում է, որ օրեր առաջ այստեղով հոսել ու արդեն սպառվել է ձնհալի ջուրը, որի կարկաչի արձագանքը առավել հաճելի կլիներ մեր ունկերին։ Իսկ մեր գլխավերեւում երկնակամարը չի երեւում, քանի որ երկու կողմերից կիրճի բարձրաբերձ ժայռերն այնքան են մոտեցել իրար, որ հազիվ մի փոքր ճեղք է առաջացել, որտեղից հազիվ մի շողագիծ լույս է թափանցում։

Ճանապարհին ականատես եղանք նաեւ բնության մի այլ արտասովոր հրաշալիքի՝ երկու ժայռերի արանքում աճած ծառի պայքարի ու կենսունակության դրսեւորմանը։ Ծառն աճել է ուռուցիկ ժայռին տակ ու ձգվել դեպի երկինք, դեպի արեւի լույսը։ Երբ բարձրացել է մեկ-մեկուկես մետր ու հասել ժայռի ուռուցիկ մասին, թեքվել-կորացել է, որպեսզի վեր բարձրանալու համար տեղ ունենա։ Իսկ երբ հաղթահարել է արգելքը, արդեն ուղղել է իր կորությունն ու ուղղաձիգ դիրքով աճել-ճյուղավորվել դեպի վեր։

Մի տեղ արդեն, մի քանի կիլոմետր անցնելուց հետո, ստիպված ենք լինում հետ վերադառնալ, քանի որ առաջ գնալը արահետի նեղանալու պատճառով դառնում է թե՛ անհնար, թե՛ վտանգավոր։ Ու վերադարձի ճանապարհն էլ նույնքան տրամադրող է, նույնքան գրավիչ ու չհոգնեցնող։ Այստեղ արդեն առջեւդ բացվում է նոր աշխարհ, կիրճը հյուսիսային կողմից աչքիդ երեւում է մի այլ հմայքով ու տեսադաշտով։ Խորհրդավոր, հոգեպարար լռության մեջ էջառէջ աչքերիդ առջեւ բացվում-թերթվում է բնության հավերժող գիրքը՝ արարչագործ ոգու ողջ զորությամբ։ Կիրճի խորունկ հատակից արդեն մենք չափում ենք Ագարակաձորի քարանձավի մուտքը, այն քարանձավի, որտեղից ընդամենը մեկ ժամ առաջ դիտում էինք հայրենի բնաշխարհի ողջ համայնապատկերը։

Կիրճի արեւմտյան ժայռապատերին էլի ուրիշ քարանձավների մուտքեր են երեւում՝ ընդգծված լայն անցքերով, որոնք, սակայն, մեծիմասամբ աննվաճելի են հետիոտնի համար՝ գետնից բավականին բարձր ու ողորկ լինելու պատճառով։ Իսկ ահա ալպինիստներն այստեղ իրենց կարող են շատ երջանիկ զգալ՝ այս նոր ու բացառիկ աշխարհը բացահայտելու համար։

Իսկ այս ամենը տեսնելու եւ զգալու համար հարկավոր է կյանքում գոնե մեկ անգամ մտնել Ագարակաձորի քարանձավ, քայլարշավ ձեռնարկել Վիշապի կիրճում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում