Միացյալ Նահանգներ

Տոկիոն հայելային պատասխան չի տա ԱՄՆ-ի մաքսատուրքերին. Ճապոնիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Տոկիոն հայելային պատասխան չի տա ԱՄՆ-ի մաքսատուրքերին. Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ Տոկիոն պատասխան միջոցներ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի կապակցությամբ, որոնք ճապոնական արտադրանքի դեպքում կկազմեն 24%: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

«Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները՝ որոշելու, թե որը կլինի ամենաարդյունավետ միջոցը.... Մենք հայելային պատասխան չենք տա», - ասել է Իսիբան Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի հանձնաժողովի նիստին:

Նրա խոսքով՝ Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների կարգավորման համար անհրաժեշտ է երկու պետությունների գագաթնաժողով անցկացնել։ Իսիբան ասել է, որ եթե Միացյալ Նահանգներ այցելելու հնարավորություն ունենա, ապա ոչ թե պարզապես կձգտի հասնել այն բանին, որ Ճապոնիային բացառեն ամերիկյան նոր մաքսատուրքերի ցանկից, այլ առաջարկությունների մի ամբողջ փաթեթ կներկայացնի Սպիտակ տանը։ Վարչապետը պարզաբանել է, որ ինքը ցույց կտա, թե ինչպես ճապոնական ներդրումները թույլ կտան աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում։

Իսիբան նաև խոստացել է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Վաշինգտոնի մաքսատուրքերը չազդեն Ճապոնիայի ֆինանսական ոլորտի և աշխատատեղերի վրա, հատկապես փոքր բիզնեսում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է Միացյալ Նահանգների օտարերկրյա առևտրային գործընկերների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք պետությունների համար տուրքերը հաշվարկվում են անհատականորեն՝ կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։ Օրինակ՝ Չինաստանի համար մաքսատուրքերը կազմում են 34%, ԵՄ-ի համար՝ 20%։

Հայաստանի համար սահմանվել են 10% մաքսատուրքեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում