Հայաստան

Երկրաբանական թանգարանում ցուցադրվում են Չինաստանի Ֆուջիան նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները

2 րոպեի ընթերցում

Երկրաբանական թանգարանում ցուցադրվում են Չինաստանի Ֆուջիան նահանգի  ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում բացվել է «Շոուշան քարի հմայքը» խորագրով ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջիան նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, դեկորատիվ-կիրառական արվեստի գանձերը։ Ցուցահանդեսը նվիրված է Երկրաբանի միջազգային օրվան։

«Ներկայացված բոլոր ցուցանմուշները միավորում են չինական արվեստի յուրահատկությունները և ցուցադրում Ֆուջիան նահանգի տեղական կոլորիտը: Չինական արվեստը և արհեստներն առանձնանում են կատարման տեխնիկայի բազմազանությամբ ու  նրբությամբ և իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային արվեստում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանի խոսքերն է մեջբերված ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ 2024 թվականին Երկրաբանական թանգարանում առկա բնության ժառանգությունը ցուցադրվել է Չինաստանի Ֆուջիանի թանգարանում։ Ըստ այդմ, որոշվել է այս տարի Երկրաբանական թանգարանում ցուցադրել Ֆուջիանի թանգարանի ցուցանմուշները։

«Ցուցահանդեսում ներկայացված Շոուշան քարը Չինաստանի ամենահայտնի գունագեղ քարերից մեկն է, հիմնականում արտահանվում է Ֆուցզյան նահանգի հյուսիսային Ֆուչժոու քաղաքի Շոուշան բնակավայրում: Այն դարեր շարունակ ծառայել է որպես արվեստի ստեղծման հիմք։ Այս քարը մեծ պատմություն ունի տեղի բնակչության համար, նրանից պատրաստել են և՛ կնիքներ, և՛ զարդեր, և մինչ օրս այն իր հմայքը չի կորցրել ժողովրդական արվեստում։ Չինաստանում այն վաճառվում է որպես թանկարժեք քար և օգտագործվում է փորագրության համար։  Բնակիչները հավատում են, որ քարը նաև բերում է հաջողություն և առողջություն», - ասել է Գայանե Գրիգորյանը։

«Շոուշան քարի հմայքը» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Հայ-չինական գործընկերության կենտրոնը և Ֆուջիանի թանգարանը։

Ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում