ՄԻՊ-ն ահազանգ է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից ցմահ բանտարկյալներին ծեծի ենթարկվելու մասին
1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ապրիլի 3-ին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
Նշվում է, որ սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։
Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը: