5 րոպեի ընթերցում
Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 թվականի տարեկան հաղորդումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդումն ամփոփում է նաև առանձին ոլորտներում առկա գործնական և օրենսդրական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները:
«Մասնավորապես, 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, ինչպես նաև մի շարք համակարգային բնույթի հարցեր։
Առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում առանձին անդրադարձ է կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագրի իրականացման, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության նշանակման, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում չտրամադրելու խնդիրներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանությանն օտարերկրյա պետություններում:
Տարեկան հաղորդմամբ նաև առանձին համեմատական վերլուծության է ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան, քրեական վարույթների ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչպես նաև անձնական ազատության իրավունքի սահմանափակմանն առնվող խնդրահարույց հարցերը»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Պաշտպանը 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաև հետևյալ ոլորտներում առկա խնդիրներին.
- Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հոգեկան առողջության պահպանում
- Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության հասանելիության ապահովում
- Անձնական տվյալների պաշտպանություն
- Հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության պատշաճ գնահատում
- Լրագրողի մասնագիտական գործունեության՝ որպես կարծիքի արտահայտման ազատության երաշխիքի անխոչընդոտ իրականացում
- Իրավաբանական օգնություն ստանալու իրավունք
Տարեկան հաղորդման շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման ու այլընտրանքային խնամքի կազմակերպման, ծնողների հետ շփվելու երեխայի իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության բացահայտման, կանխարգելման, արձագանքման և մի շարք այլ ոլորտներում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի, մատչելիության, այդ թվում՝ նոր կառուցվող և վերակառուցվող, նոր կառուցված և վերակառուցված շենքերի և շինությունների մատչելիության, կրթության իրավունքի և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին:
«Պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցությունը:
Ներկայացված առաջարկների վերաբերյալ տարվա ընթացքում Պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվելու են թիրախային քննարկումներ՝ իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ»,- եզրափակվում է հաղորդագրությունը: