Իրավունք

Ոստիկանությունը Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը մարտի 26-ին արձանագրել է ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության երեք դեպք՝ Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ոստիկանությունից։ Հայտնաբերվել են հրազեն, նռնակ, փամփուշտներ, պահունակներ, թմրամիջոցներ և ինքնաշեն ատրճանակ։

Քարահունջ գյուղի 55-ամյա բնակչի մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցի մասին օպերատիվ տեղեկության հիման վրա Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։

Տղամարդը խոստովանել է, որ տանը պահում է մարիխուանա և զենք-զինամթերք։ Տան զննությամբ հայտնաբերվել են ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ և պայթուցիչ, 218 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի և գնդացրի երեք պահունակ, 52,18 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Քրեական ոստիկանները տեղեկություն են ստացել, որ «Խոսրովի» պետական արգելոցի ուղեկալներից մեկում «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդը ինքնաձիգ է թողել տարածքում։

Ոստիկանները պարզել են, որ զենքը պատկանում է նույն մեքենայի 42-ամյա ուղևորին։ Տղամարդը ձերբակալվել է, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Քրեական ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկության համաձայն՝ Արմավիր քաղաքի 25-ամյա բնակիչը իր ավտոտնակում ապօրինի պահում էր ատրճանակ։

Նա ձերբակալվել է, իսկ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ։

Երեք դեպքով էլ կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայացվել են նախաքննական մարմիններին։ Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում