ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարում իրականացվում են արդի տեխնոլոգիաներով ռիսկերի կառավարման մեծածավալ աշխատանքներ
7 րոպեի ընթերցում

Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։
Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն այս պահին կազմում է մոտ 400 հեկտար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանն անդրադարձավ այն խնդրին, թե ինչ ռիսկեր կան պոչամբարի շահագործման hետ պայմանավորված և ինչ գործողություններ են կատարվում դրանց կառավարման ուղղությամբ։
«Պոչամբարի շահագործմանը զուգընթաց՝ մենք իրականացնում ենք պրոգրեսիվ ռեկուլտիվացիա, որպեսզի փոշու արտահոսք չունենանք։ Հետագայում նաև սահմանված պլանով կիրականացվի հիմնական փակումը։ Պոչամբարի տիղմալցումն իրականացվում է զենիթային եղանակով, այսինքն՝ հատված առ հատված։ Իրականացվում է գրավիտացիոն նստեցում, որի ընթացքում միներալոգիական ծանր մասնիկները նստվածքի տեսքով մնում են պոչամբարում, իսկ պարզեցված ջուրը թունելային եղանակով ուղարկվում է բաց ջրավազան»,- ասաց Նավասարդյանը։
Նա հավելեց, որ պոչամբարի հիմքում կա նստվածքի հաստ շերտ, որն իր հատիկաչափական կազմի շնորհիվ ջրամեկուսիչ է և թույլ չի տալիս, որպեսի քիմիական տարրերը խառնվեն ստորջրյա հոսանքներին։
«Պոչամբարի պարագայում հաշվի են առնվում նաև սեյսմիկ տատանումներն ու դրանցով պայմանավորված ռիսկերը։ Մենք 2024 թվականին պոչամբարի պատվարի վրա տեղակայել ենք սեյսմիկ կայան, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։ Սեյսմիկ ընկալիչները տեղադրված են նաև մայրական ապարների վրա և ամենօրյա մշտադիտարկման արդյունքում ստացվում է համապատասխան տեղեկատվություն պատնեշի ցանկացած շարժի վերաբերյալ։ Դիտարկում ենք, թե ինչպես է կառույցն արձագանքում սեյսմիկ տատանումներին՝ պարզելու համար թույլատրելի և անթույլատրելի շեմերը։ Անթույլատրելի շեմի պարագայում ստացվում է հաղորդագրություն, և մեր մասնագետներն անմիջապես լծվում են ռիսկերի կառավարման գործին։ Այս պահին բոլոր տատանումները նորմայի սահմաններում են»,- ասաց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրենը։
Նավասարդյանը տեղեկացրեց, որ ջուրը վերցվում է Քաջարանի տարածքում, կիրառվում է տեխնոլոգիական պրոցեսում և պոչերով հագեցած տեղափոխվում է բաց ջրավազան։ Ջրում քիմիական տարրերի կազմը որոշակի առումով բարձ է, այդ իսկ պատճառով իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Նախատեսված է մոտ ապագայում շահագործման հանձնել մաքրման նոր կայանը, որի նախագծային աշխատանքների 70 տոկոսը, ինչպես նաև էսքիզներն ու ծավալաթերթերն արդեն պատրաստ են։ Նավասարդյանը հավաստիացրեց, որ նոր մաքրման կայանի շահագործման արդյունքում ունենալու ենք ընդհուպ խմելու որակի ջուր։ Ընդհանրապես նպատակը ջրի ամբողջական մաքրումն է, որպեսզի շրջակա միջավայր որևէ արտանետում չլինի։
«Թեև մեր մշակութային կարծրատիպերը թույլ չեն տալիս, որպեսզի մենք այդ ջուրը խմենք, բայցևայնպես տվյալ ջրավազանային տարածքի հեղուկ պարունակությունը խնդրահարույց չի լինի։ Եթե գնանք նոր պոչամբարի նախագծման, այդ հարցն, անշուշտ, դրանում կներառվի և կանցնի օրենսդրական ընթացակարգեր։ Այժմ իրականացնում ենք կայունության գնահատում միջազգային զարգացած կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելու համար, թե այս պոչամբարը որքան թույլ կտա բարձրացնել պատվարը»,- ասաց Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ նոր պոչամբարի նախագծում այլ տարածքում չի նախատեսվում։ Գործող պոչամբարի նախագծային ծավալների համաձայն՝ այնտեղ կարող է լինել 7 միլիոն խորանարդ մետր ջրային զանգված, և այդ մակարդակին հնարավոր կլինի հասնել այն ժամանակ, երբ պատվարի բարձրությունը լինի 960 մետր։ Այս պահին արձանագրված մակարդակը 955 մետր է և իր նախագծային մակարդակին կհասնի մոտ հինգ տարի անց, ինչից հետո լուրջ ուսումնասիրությունների և մասնագիտական գնահատականների արդյունքում կիրականացվեն պատվարի բարձրացման աշխատանքներ։
Իսկ ինչ վերաբերում է ռեկուլտիվացիոն աշխատանքներին, փոխտնօրենը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հողի ստորին հատվածում գտնվող ծանր մետաղները չբարձրանան վերին շերտ, և տարածքը լինի օգտագործելի։
«Աշխատելով միջազգային փորձագետների հետ՝ մենք ներդրել են ռեկուլտիվացիայի փորձարկման տարբեր շերտեր։ Օրինակ՝ կորնգանի սերմը, որի արմատային համակարգը շատ խորը չէ, ցանելու դեպքում մեզ թույլ է տալիս ունենալ կանաչապատ և կառավարելի, մոտիվացված տարածք։ Հիմա մենք կանգնած են պոչամբարի անմիջական հարևանությամբ, և արդեն տհաճ հոտ չի զգացվում։ Մենք ուսումնասիրում ենք նաև փոշին, և այդ նպատակով տարբեր հատվածներում տեղակայել ենք նաև փոշու տարածվածության մակարդակը որոշող հատուկ սարքեր։ Տվյալները ցույց են տալիս, որ պոչամբարի տարածքում փոշու հիմնական աղբյուրը պոչամբարը չէ, այլ հանքարդյունաբերական օբյեկտները, որոնք գտնվում են այլ բնակավայրերում»,- պարզաբանեց Նավասարդյանը։
Մասնագետը հավաստիացրեց, որ պոչամբարներն առհասարակ համարվելով կարևոր ռեսուրս՝ կարող են լինել նաև շահավետ ու դիտարկվել որպես ապագայի հարստություն։
«Դա կարող է նույնիսկ խթան հանդիսանալ տնտեսական զարգացման համար։ Ջրում գտնվող նյութերն, օրինակ, կարող են օգտագործվել տարբեր նպատակներով։ Ապարներն ունեն միներալոգիական կազմ, հետևաբար մենք օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ՝ դրանց միջից կորզելով որոշ չափաքանակի մետաղներ։ Ապագայում կլինեն ավելի զարգացած տեխնոլոգիաներ, որոնց օգտագործումը թույլ կտա ավելի քիչ ծախսերի միջոցով ձեռք բերել մնացորդային պաշարներն ու ստանալ շահույթ»,- եզրափակեց ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով փոխտնօրենը։