ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Հակակոռուպցիոն կոմիտե Գյումրիի ավագանու՝ ազատությունից զրկված անդամի հետ առանձնազրույց ունենալու նպատակով
2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին մարտի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զանգահարող պատգամավորը ասել է նաև, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե:
Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:
Ավելի վաղ «Մայր Հայաստան» դաշինքը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են անցկացրել դաշինքի Գյումրիի գրասենյակում։
Նախորդիվ, հաղորդագրություն էր տարածել նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, նշելով, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր: Տեղեկացվում էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։