Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն այցելել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
2 րոպեի ընթերցում

Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինն այցելել են քաղաքի ՀՀ գլխավոր հյուպատոսություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հալեպում ՀՀ հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ։
«Ողջունելով հյուրերին՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Ավետիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին:
Հյուպատոսը նաև շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջ հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելության մեջ։
«Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու Թուրքիայի հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ, հրավերն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը»,-հայտնել է Հալեպում ՀՀ հյուպատոսությունը: