Կայացել է «ՀՀ բնական կերահանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը

4 րոպեի ընթերցում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մարտի 25-ին Երևանում կայացել է «ՀՀ բնական կերահանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 11-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետարանների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն»-ից, ողջույնի խոսքում  ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշել է, որ կառույցը կարևոր օղակ է արոտների կայուն կառավարման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների քննարկման համար։

«Իր խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ ՀՀ կերահանդակները՝ արոտավայրերն ու խոտհարքները զբաղեցնում են ավելի քան 1 մլն հա տարածք, և այս ուղղությամբ տարվող աշխատանքները խրախուսվում են Կառավարության և էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարարի տեղակալը նաև անդրադարձավ բնական կերահանդակների համաշխարհային փորձի ուսումնասիրման և Հայաստանում առավել հաջողվածների կիրառման հնարավորություններին, արոտների և խոտհարքների կայուն կառավարման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Անասնապահության զարգացման, արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացված և ընթացիկ գործողությունների մասին խոսել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։ 

Ըստ աղբյուրի՝ ՌԶԳ տարբեր ծրագրերով արդեն իսկ 189 գյուղական բնակավայրեր կիրառում են արոտավայրերի կառավարման արդյունավետ մոտեցումներ, կառուցվել է 221 ջրախմոց և 70 մակատեղի՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար, վերականգնվել է 216.5 հա գերարածեցված (դեգրադացված) արոտավայր, ինչպես նաև դիվերսիֆիկացվել են ֆերմերների կողմից մշակվող կերային մշակաբույսերը (առվույտ, կորնգան, եգիպտացորեն, կերի ճակնդեղ և այլն)։ 

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են արոտների կայուն կառավարման և բարելավման ուղղությամբ հարթակի մյուս անդամ-կառույցների կողմից իրականացվող ծրագրերը։

Նշվում է, որ հանդիպման ավարտին տեղի է ունեցել Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ (WWF Հայաստան) հարթակին անդամակցելու հուշագրի ստորագրումը։ 

Ստեղծման պահից (2018 թվականից ի վեր)՝ «ՀՀ բնական կերահանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ն ընդլայնել է իր կազմը՝ ընդգրկելով ավելի քան 20 կազմակերպություններ, տեղական և միջազգային կառույցներ, ծրագրերի և պետական կառավարման մարմիններ:

Հայերեն English Français

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը