Տնտեսություն

Տարեսկզբին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1 տոկոսով

6 րոպեի ընթերցում

Տարեսկզբին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին 4.1 տոկոսով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի տվյալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այս տարվա փետրվարին աճը մեկ ամսվա կտրվածքով կազմել է 5.3, իսկ 2024-ի նույն ամսվա համեմատ՝ 1.5 տոկոս: Հունվարին՝ 2024-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 45.3 տոկոսով անկում: Փոխարենը, նախորդ տարվա հունվարի համեմատ աճը եղել է 7.1 տոկոս:

Տնտեսական ակտիվության աճին առավելապես նպաստել են ծառայությունների (առանց առևտրի) և շինարարության ծավալների ավելացումը: Այս ոլորտներում հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 12.4 և 12.2 տոկոսի աճ:

Ծառայությունների ոլորտի ծավալն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 556 մլրդ 120.3 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 1.3 տոկոսի անկում: Նախորդ տարվա փետրվարի համեմատ աճը 12.1 տոկոս է՝ կազմելով 276 մլրդ 88.5 մլն դրամ: Հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 19.7 տոկոսի անկում: 2024-ի հունվարի համեմատ՝ այս տարվա նույն ամսին աճել է 12.6 տոկոսով, իսկ ծավալը կազմել է 280 մլրդ 31.8 մլն դրամ:

Շինարարության ծավալն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 44 մլրդ 648.1 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ, աճել է 36.8 տոկոսով: Իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ գրանցվել է 12.7 տոկոսի աճ՝ 25 մլրդ 394.6 մլն դրամ ծավալով: Հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 86.3 տոկոսի անկում: Իսկ 2024-ի հունվարի համեմատ՝ այս տարվա նույն ամսին աճել է 11.6 տոկոսով, ծավալը կազմել է 19 մլրդ 253.5 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2024-ի նույն ամիսների ցուցանիշից ցածր է եղել 19.4 տոկոսով՝ կազմելով 380 մլրդ 486.7 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ կրճատվել է 0.6 տոկոսով: Իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ արտադրանքի ծավալը նվազել է 26.6 տոկոսով՝ կազմելով 189 մլրդ 939.7 մլն դրամ: Հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, նվազել է 41.3 տոկոսով: 2024-ի հունվարի համեմատ ծավալը կրճատվել է 10.4 տոկոսով՝ կազմելով 190 մլրդ 547 մլն դրամ:

Առևտրի շրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8 տոկոսով՝ կազմելով 822 մլրդ 658.3 մլն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ, աճել է 16.6 տոկոսով, իսկ 2024-ի փետրվարի համեմատ՝ 6 տոկոսով: Այս տարվա փետրվարին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 443 մլրդ 503.2 մլն դրամ: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, նվազել է 51.8 տոկոսով, սակայն 9.9 տոկոսով ավելին է եղել, քան 2024-ի հունվարին: Այս տարվա առաջին ամսին առևտրի շրջանառությունը կազմել է 379 մլրդ 155.1 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-փետրվարին 2.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Փետրվարին՝ հունվարի համեմատ, աճել է 0.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 2.5 տոկոսով: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ինդեքսն աճել է 1.4 տոկոսով, իսկ 2024-ի հունվարի համեմատ՝ բարձրացել է 1.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-փետրվարին 2.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Փետրվարին՝ հունվարի համեմատ, աճել է 0.5 տոկոսով, իսկ 2024-ի փետրվարի համեմատ՝ 1.6 տոկոսով: Դեկտեմբերի համեմատ հունվարին այս ինդեքսը մնացել է անփոփոխ, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 2.8 տոկոսով:

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում 6.9 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ կազմելով 1 մլրդ 703.6 մլն կիլովատ ժամ: Փետրվարին այդ ծավալը 6.3 տոկոսով քիչ է եղել հունվարյան ցուցանիշից, սակայն 5.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 824.1 մլն կիլովատ ժամ: Հունվարին 1.7 տոկոսով պակաս է եղել դեկտեմբերի ցուցանիշից, բայց նախորդ տարվա հունվարի համեմատ արտադրվել է 7.8 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա՝ 879.5 մլն կիլովատ ժամի: Ներկայացված ցուցանիշներում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 894.4, հունվար՝ 815.7, փետրվարը՝ 778.7) այն ևս ներառված չէ:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, 21.3 տոկոսով նվազել է միջին ամսական անվանական աշխատավարձը, պետական հատվածում՝ 30.3, իսկ ոչ պետականում՝ 18.2 տոկոսով: Այնուհանդերձ, նախորդ տարվա հունվարի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը բարձր է եղել 4.2 տոկոսով՝ կազմելով 278 հազար 294 դրամ: Պետական հատվածում այն բարձր է եղել 5.2, ոչ պետականում՝ 3.6 տոկոսով՝ կազմելով համապատասխանաբար 218 հազար 981 և 301 հազար 982 դրամ: Ցուցանիշը հաշվարկվել է Պետական եկամուտների կոմիտեից (հաշվետու ամսվան հաջորդող 25/26-րդ օրը) ստացված Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառման տվյալների բազայի հիման վրա և սույն աղյուսակում զետեղվել է ամսվա վերջին աշխատանքային օրը:       

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում